Գերմանիան 2027 թվականին Բունդեսվերի կազմում կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը։ Դրա մասին երկրի հյուսիսում տեղակայված Բերգենի ռազմական զորավարժարանում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, հաղորդում է dpa գործակալությունը։
Ըստ նրա՝ նոր ստորաբաժանումը կունենա մինչև 600 զինծառայող և կկարողանա կիրառել անօդաչու համակարգեր մինչև 500 կիլոմետր հեռավորության վրա։
«Նա, ով ցանկանում է հաջողության հասնել ցամաքում, պարզապես պարտավոր է իմանալ, թե ինչպես օգտագործել անօդաչու համակարգերը»,- հայտարարել է Պիստորիուսը։
Նախարարն ապագա գունդն անվանել է Բունդեսվերի ինքնուրույն ստորաբաժանում, որը մասնագիտանալու է անօդաչու համակարգերի ուղղությամբ։
Նոր ստորաբաժանում ստեղծելու որոշումը կապված է նաև Ուկրաինայի պատերազմի փորձի հետ, որտեղ անօդաչու սարքերը դարձել են մարտական գործողությունների առանցքային տարրերից մեկը։ Վերջին տարիներին Գերմանիան ձգտում է ընդլայնել դրոնների և այլ անօդաչու համակարգերի կիրառությունը զինված ուժերում։
Հունիսին Գերմանիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քրիստիան Ֆրոյդինգը Լիտվայում Freedom Shield 2026 ռազմական զորավարժություններին կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ մտադիր է արագացնել ավելի մեծ թվով անօդաչու սարքերի և ռոբոտացված սպառազինության համակարգերի տեղակայումը։





























