Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ԱՄՆ զորքերի ամբողջական դուրսբերումն Իրաքից «պատմական հաղթանակ» է անվանել և հայտարարել, որ դա պետք է դառնա ամբողջ տարածաշրջանից Միացյալ Նահանգների հեռացման սկիզբը, հաղորդում է Mehr-ը։
ԱՄՆ ուժերի դուրսբերման ավարտի կապակցությամբ հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն շնորհավորել է Իրաքի ժողովրդին և «դիմադրության ճակատի» ուժերին՝ տեղի ունեցածը բնորոշելով որպես երկրի անկախության համար բազմամյա պայքարի արդյունք։ Կազմակերպությունում հայտարարել են, որ Իրաքը ցույց է տվել, որ ազգային կամքն ի վիճակի է դիմակայելու գերտերությունների ճնշմանը։
ԻՀՊԿ-ն նաև հարգել է Միացյալ Նահանգների հետ զինված դիմակայության ընթացքում զոհվածների, մասնավորապես՝ 2020 թվականի հունվարին Բաղդադում ամերիկյան հարվածի հետևանքով սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և իրաքցի հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսի հիշատակը։
ԻՀՊԿ-ի կարծիքով՝ ամերիկյան զորքերի քսանամյա ներկայությունը տարածաշրջանին անվտանգություն չի բերել և, ընդհակառակը, նպաստել է անկայունությանն ու ահաբեկչությանը։ Կազմակերպությունում հայտարարել են, որ հաջորդ փուլը պետք է լինի Արևմտյան Ասիայի մյուս երկրներում ամերիկյան ներկայության դադարեցումը։
«Ամերիկան պետք է հեռանա տարածաշրջանից, իսկ անվտանգության կառավարումը պետք է հանձնվի բուն երկրների ժողովուրդներին»,- ասվում է հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ն միաժամանակ իրաքյան իշխանություններին և դիմադրության ուժերին կոչ է արե լպահպանել զգոնությունը՝ իրավիճակն ապակայունացնելու հնարավոր փորձերի առնչությամբ, և հայտարարել է, որ Իրանը կշարունակի աջակցել տարածաշրջանում իր դաշնակիցներին։





























