Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում հարձակվել եվրոպական երկրների վրա, իսկ Ռուսաստանի կողմից սպառնալիքի մասին հայտարարությունները, նրա գնահատմամբ, Արևմուտքի քաղաքական ղեկավարությունն օգտագործում է, որպեսզի քաղաքացիների ուշադրությունը շեղի Մոսկվայի նկատմամբ սեփական քաղաքականությունից, գրում է «Коммерсантъ»-ը։

«Մենք ոչ մեկին չենք սպառնում և չենք պատրաստվում ոչ մեկի վրա հարձակվել՝ ո՛չ 2029-ին, ո՛չ 2030-ին, ո՛չ 2050 թվականին»,- ասել է Պուտինը «Վալդայ» քննարկման ակումբի լիագումար նիստում։

Միաժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան կպատասխանի ագրեսիայի դեպքում։

«Բայց եթե մենք բախվենք ագրեսիայի, ստիպված կլինենք պատասխանել։ Եվ եվրոպական երկրների քաղաքացիները պետք է դա հստակ հասկանան և տարբերեն մեր դիրքորոշումն ու իրենց երկրների ներկայիս որոշ քաղաքական ղեկավարության դիրքորոշումը»,- ասել է Պուտինը։

Նրա համոզմամբ՝ Եվրոպայում հասկանում են Ռուսաստանի դիրքորոշումը։ Որպես հաստատում նա վկայակոչել է եվրոպական խոշորագույն երկրներում ընտրությունների արդյունքներն ու հասարակական տրամադրությունները։

Պուտինը հայտարարել է նաև, որ Արևմուտքի քաղաքական ղեկավարությունը փորձում է օգտագործել ռուսական սպառնալիքի թեման՝ քաղաքացիների ուշադրությունը սեփական որոշումներից և գործողություններից շեղելու համար։