Մեծ Բրիտանիայում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով՝ Թագավորական ռազմաօդային ուժերի Ֆեյրֆորդ ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալել են 27-ամյա Մեծ Բրիտանիայի և Իրանի քաղաքացու, հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով բրիտանական հակաահաբեկչական ոստիկանությանը։
Տղամարդուն ձերբակալել են Լոնդոնի Վեսթմինսթերում։ Նա դարձել է միջադեպի քննության շրջանակում ձերբակալված վեցերորդ անձը։
Մեկ այլ տղամարդու՝ 26-ամյա Մեծ Բրիտանիայի քաղաքացու, հարցաքննել են պաշտոնական նախազգուշացմամբ։ Ոստիկանությունը նաև խուզարկություններ է իրականացրել այդ շրջանի երկու օբյեկտներում։
Կիրակի օրը ավիաբազայի մոտակայքում ձերբակալված մոտ 20 տարեկան հինգ տղամարդիկ շարունակում են մնալ ազատության մեջ՝ ոստիկանության գրավի պայմաններով։ Նրանց վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է։ Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ նրանց ձերբակալությունից հետո պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել, սակայն կասկածյալների մոտ առգրավվել է որոշ քանակությամբ բենզին։
Ըստ Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական ոստիկանության ավագ ազգային համակարգող Վիկի Էվանսի՝ քննությունը դիտարկում է «բոլոր հնարավոր վարկածները, ներառյալ օտարերկրյա պետության մասնակցությունը»։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն դեպքից հետո, երբ սեպտեմբերի 27-ի գիշերը հաղորդում է ստացել Ֆեյրֆորդի ուղղությամբ շարժվող երեք կասկածելի ավտոմեքենաների մասին։ Հինգ մարդ ձերբակալվել է պայթուցիկ նյութերի մասին օրենսդրությունը խախտելու կասկածանքով, այնուհետև՝ ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով։





























