ԱՄՆ-ն Իրանի ընկերությունների դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել՝ ազդելով երկրի խոշորագույն ավտոարտադրողների, երկաթուղային հատվածի, մետալուրգիական և այլ արդյունաբերական ձեռնարկությունների նկատմամբ։

Սահմանափակումների տակ են հայտնվել Iran Khodro-ն և SAIPA-ն՝ Իրանի երկու խոշորագույն ավտոարտադրողները, որոնք գործում են ինչպես ներքին շուկայում, այնպես էլ հարևան երկրների շուկաներում։ Ընդհանուր առմամբ պատժամիջոցները վերաբերել են իրանական յոթ ավտոընկերությունների։ Դրանց թվում է նաև Niroo Motor-ը՝ երկրում մոտոցիկլետների խոշորագույն արտադրողը։

Սահմանափակումներն ազդել են նաև իրանական ավտոարդյունաբերության արտասահմանյան գործընկերների, ներառյալ՝ ինդոնեզական Golden Motorcycle Company-ի, ինչպես նաև ԱՄԷ-ում, Թուրքիայում և Հոնկոնգում գործող ավտոմասերի արտադրությամբ զբաղվող ընկերությունների վրա։

Ցանկում ընդգրկվել են նաև իրանական խոշորագույն երկաթուղային ընկերությունները, ներառյալ՝ պետական Islamic Republic of Iran Railway Company-ն, Raja Passenger Trains Company-ն և մասնավոր բեռնափոխադրող Sherkat-E Rah Ahan-E Khamle-O-Naghle-ն։

Բացի դրանից, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել մետալուրգիական և մեքենաշինական ոլորտների խոշոր ձեռնարկությունների նկատմամբ։ Դրանց թվում է Heavy Equipment Production Company (HEPCO)-ն, որն ԱՄՆ ֆինանսների նախարարությունն անվանում է Մերձավոր Արևելքում հանքարդյունաբերական և ճանապարհաշինական տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը։ Սահմանափակումների տակ է հայտնվել նաև Շանհայում նրա դուստր ձեռնարկությունը։

Ամերիկյան իշխանությունները միաժամանակ պատժամիջոցների ցուցակում են ներառել ԱՄԷ-ում և Գերմանիայում գործող ընկերություններ, որոնք, նրանց պնդմամբ, օգնել են իրանական մետալուրգիական ձեռնարկություններին, ինչպես նաև պողպատի և նավթի արտահանման ցանցը, որը կապված է Հոնկոնգում գործունեություն ծավալած Իրանի և Դոմինիկյան Հանրապետության երկու քաղաքացիների հետ։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունում հայտարարել են, որ երկաթուղային և ավտոմոբիլային հատվածները դեռևս իրանական իշխանությունների եկամուտների և լոգիստիկ հնարավորությունների խոշորագույն աղբյուրներից են։ Նոր միջոցառումները մաս են կազմում օգոստոսին Վաշինգտոնի սկսած «Տնտեսական վտարանդի» գործողությանը, որն ուղղված է Իրանի եկամուտների աղբյուրների կրճատմանը։