Եվրոպան այսօր խաղաղության վիճակում չէ և բախվում է աճող թվով հիբրիդային հարձակումների, որոնք ՆԱՏՕ-ն կապում է Ռուսաստանի հետ, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, գրում է The Guardian-ը։

«Եվրոպան այսօր խաղաղության վիճակում չէ»,- Մյունստերում ՆԱՏՕ-ին Վեստֆալյան խաղաղության միջազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ ասել է Ռյուտեն։

Ըստ նրա՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին Եվրոպայում ռուսական «վնասակար հիբրիդային հարձակումների» ցանկը մշտապես ընդլայնվում է։ Նա հիշատակել է կիբերհարձակումներ, դիվերսիաներ, հրկիզումներ, օդային տարածքի խախտումներ և անօդաչու սարքերի հետ կապված միջադեպեր։

Ռյուտեն հայտարարել է նաև, թե Ռուսաստանում, իբր, հույս ունեն վախեցնել և պառակտել եվրոպական երկրներին։ «Պուտինը ցանկանում է վախեցնել և բաժանել մեզ, բայց նա կտապալի։ Իսկ նրա թշնամական գործողություններին մեր պատասխանը կլինի Ուկրաինային էլ ավելի մեծ աջակցությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նա նշել է, որ եվրոպացի առաջնորդներին «երկար ճանապարհ» է սպասվում, քանի որ, նրա ասելով, ռուսական ռազմական մեքենան մոտ ժամանակում չի կորցնի իր հնարավորությունները։ Ռյուտեն միաժամանակ մատնանշել է Չինաստանի զինված ուժերի շարունակվող արդիականացումը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եվրոպական երկրներին կոչ է արել պահպանել պատրաստվածությունը հնարավոր զարգացումների նկատմամբ։ «Խաղաղությունը փխրուն է։ Մենք հստակ չգիտենք, թե ինչ կբերի վաղվա օրը»,- ասել է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ դաշինքի երկրները պատրաստ են պաշտպանել միմյանց։