Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամի և Թեհրանի քաղաքապետի տեղակալ Դավուդ Գուդարզիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենների միջև երկկողմ համագործակցության հնարավորությունները։
Իրանական կողմը ներկայացրել է Թեհրանի մետրոպոլիտենի պատմությունն ու տեխնիկական հնարավորությունները՝ անդրադառնալով նաև ոլորտում իրականացվող ծրագրերին։
Պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձն ու ծառայությունները, մասնավորապես՝ թունելաշինության, վագոնաշինության և մետրոպոլիտենային ենթակառուցվածքներին առնչվող այլ ուղղություններում:
Բաբկեն Սեդրակյանը ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենում իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, ենթակառուցվածքների արդիականացման ընթացքը, ինչպես նաև զարգացման առաջիկա նախագծերը։
Մետրոպոլիտենից հայտնում են, որ հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։





























