Ինչպես հաղորդում է dpa գործակալությունը, ՆԱՏՕ-ն Գերմանիայում ստացել է Վեստֆալյան խաղաղության միջազգային մրցանակը՝ «եվրոպական խաղաղ կարգին ունեցած ներդրման» համար։

Պարգևը հինգշաբթի Մյունստերի պատմական քաղաքապետարանում դաշինքի անունից ստացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Գերմանիայի վարչապետ Ֆրիդրիխ Մերցը, որը հանդես է եկել ողջույնի խոսքով, նախազգուշացրել է Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր հաղթանակի հետևանքների մասին։

«Եթե մեզ չհաջողվի զսպել Մոսկվային, ապա վաղ թե ուշ ռուսական ռազմական մեքենան կշրջվի մեր՝ հենց ՆԱՏՕ-ի դեմ։ Մենք չպետք է աչք փակենք այս վտանգի վրա»,- հայտարարել է Մերցը։

Ըստ նրա՝ Ուկրաինայի հետագա աջակցությունն անմիջականորեն կապված է Գերմանիայի և եվրոպական մյուս երկրների անվտանգության հետ։ «Եթե մենք թուլանանք Գերմանիայում, կթուլանա Եվրոպան։ Եթե թուլանա Եվրոպան, կթուլանա նաև Ուկրաինան»,- ասել է կանցլերը։

Մերցը ընդգծել է, որ Ուկրաինային օգնությունն ինքնանպատակ չէ։ Ըստ նրա՝ Գերմանիան այն տրամադրում է նախ և առաջ սեփական քաղաքացիների ազատությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։

Գերմանիան շարունակում է մնալ Ուկրաինայի ամենախոշոր ռազմական դոնորներից մեկը։ Միևնույն ժամանակ, երկրի ներսում սրվում է Կիևին աջակցության շարունակման շուրջ քաղաքական բանավեճը։ Մասնավորապես, «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը, որը հանդես է գալիս Ուկրաինային հետագա ռազմական օգնության դեմ և Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնման օգտին, վերջին ընտրություններում զգալի արդյունքների է հասել Գերմանիայի մի շարք արևելյան երկրամասերում։

Խաղաղության մրցանակը ռազմական դաշինքին հանձնելու որոշումը ավելի վաղ հարցեր էր առաջացրել նաև հենց Մերցի մոտ։ Նա ընդունել է, որ «խաղաղության մրցանակը ռազմական դաշինքի համար» առաջին հայացքից կարող է հակասական թվալ, սակայն այդպիսի ընտրությունը տրամաբանական է անվանել։

Ըստ կանցլերի՝ ՆԱՏՕ-ն արդեն երեք սերունդ շարունակում է մնալ եվրատլանտյան խաղաղ կարգի հիմքը՝ պաշտպանելով Եվրոպայի երկրների ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը։

Վեստֆալյան խաղաղության միջազգային մրցանակը երկու տարին մեկ շնորհում է Վեստֆալիայի և Լիպպեի տնտեսական ընկերությունը։ Մրցանակի դրամական մասը կազմում է 100 հազար եվրո։ Մրցանակն անվանվել է 1648 թվականի Վեստֆալյան խաղաղության պատվին, որով ավարտել է Երեսնամյա պատերազմը և դարձել եվրոպական ինքնիշխան պետությունների կարգը ձևավորած կարևորագույն պատմական համաձայնագրերից մեկը։