ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Time հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ դիտարկում է իր վարչակազմի անդամներին մինչև երկրորդ նախագահական ժամկետի ավարտը նախօրոք ներում շնորհելու հնարավորությունը։

«Այո, իհարկե, ես դա կանեի»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով պաշտոնից հեռանալուց առաջ պաշտոնյաներին հնարավոր ներում շնորհելու մասին հարցին։

Թրամփը նման հնարավորությունը կապել է դեմոկրատների՝ Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու հեռանկարի հետ։ Նրա ասելով՝ եթե հանրապետականները կորցնեն մեծամասնությունը, նրա ընդդիմախոսները, հավանաբար, հետաքննություններ կսկսեն իր վարչակազմի նկատմամբ։

«Նրանք, հավանաբար, կհետապնդեն ինձ, իսկ ես կհետապնդեմ նրանց»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Խոսելով նախօրոք ներում շնորհելու հնարավորության մասին՝ Թրամփը հղում է արել նախկին նախագահ Ջո Բայդենի որոշումներին, որը Սպիտակ տանը գտնվելու իր վերջին ժամերին ներում էր շնորհել մի շարք անձանց, որոնց, ըստ նրա, նոր վարչակազմի օրոք կարող էին սպառնալ հետաքննություններ կամ քրեական հետապնդում։ Մասնավորապես, ներում են ստացել Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախկին նախագահ Մարկ Միլլին, նախկին գլխավոր բժշկական խորհրդական Էնթոնի Ֆաուչին և Ներկայացուցիչների պալատի այն հանձնաժողովի անդամները, որը հետաքննում էր 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունները։

Դեռ ապրիլին The Wall Street Journal-ը հաղորդում էր, որ Թրամփը խորհրդականներին բազմիցս ասել էր երկրորդ ժամկետի ավարտից առաջ իր վարչակազմի ներկայացուցիչներին ներում շնորհելու մտադրության մասին։ Ընդ որում, նախագահն ինքը առայժմ նման որոշման ընդունման մասին չի հայտարարել։

Թրամփը հայտարարել է նաև, որ եթե դեմոկրատները վերականգնեն վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի նկատմամբ, նրանք կարող են փորձել պատասխանատվության ենթարկել իր վարչակազմի ներկայացուցիչներին։ Ներկայացուցիչների պալատը լիազորված է հետաքննություններ անցկացնել, իմփիչմենթ հայտարարել և պատասխանատվության ենթարկել Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, սակայն չի կարող ինքնուրույն քրեական մեղադրանքներ առաջադրել։