ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Flydubai-ի՝ ԱՄԷ-ից Իսրայել ուղևորվող ինքնաթիռը զավթելու փորձի հետ Իրանի հնարավոր կապը և Թեհրանին սպառնացել է ռազմական հարվածով, եթե այդպիսի առնչությունը հաստատվի, հայտնում է Associated Press-ը։

Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով՝ Թրամփն ասել է, որ ամերիկյան կողմը հիմա պարզում է, թե արդյոք կապ եղել է ինքնաթիռի վրա հարձակված երկրորդ օդաչուի և Թեհրանի միջև։

«Մենք հենց հիմա աշխատում ենք դրա վրա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Հստակեցնող հարցին, թե իր ունեցած տեղեկություններից հետևո՞ւմ է, որ նման կապ կա, Թրամփը պատասխանել է. «Ես կասեի, որ այն ամենից, ինչ լսում եմ, — այո, բայց մենք հենց հիմա աշխատում ենք դրա վրա»։ Միևնույն ժամանակ նա որևէ մանրամասն չի ներկայացրել և չի հայտնել, թե հատկապես ինչ տվյալներ կարող էին մատնանշել Իրանի առնչությունը։

Թրամփին հարցրել են նաև՝ արդյոք ԱՄՆ-ը հարված կհասցնի՞ Իրանին, եթե հետաքննությունը հաստատի Թեհրանի ռնչությունը։ «Օհ, նրանք հարված կստանան։ Շատ ուժեղ, մի անհանգստացեք»,- պատասխանել է նա։

«Պարզապես հարցրեք նրանց։ Նրանք գիտեն, թե ինչ է տեղի ունեցել։ Նրանք շատ ուժեղ հարված կստանան»,- հավելել է նա։

Միջադեպը տեղի է ունեցել Flydubai-ի՝ Արաբական Միացյալ Էմիրություններից Իսրայել իրականացվող չվերթի ժամանակ։ Երկրորդ օդաչուն՝ Օմանի քաղաքացի, հարձակվել է անձնակազմի հրամանատարի վրա, որից հետո ինքնաթիռը կտրուկ իջել է։ Ուղևորներին հաջողվել է միջամտել, և ինքնաթիռը, ի վերջո, բարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։ Հարձակման հանգամանքների քննությունը շարունակվում է մի քանի երկրների իշխանությունների մասնակցությամբ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրորդ օդաչուն ենթարկվել է իսլամական արմատականացման։ Միևնույն ժամանակ հարձակման հանգամանքներն ու կասկածյալի հնարավոր կապերը օտարերկրյա կազմակերպությունների կամ պետությունների հետ դեռևս ճշտվում են։