Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի վարկանիշը իջել է պատմական նվազագույնի․ գերմանացիների միայն 10%-ն է հայտարարել, որ գոհ է կամ շատ գոհ է նրա աշխատանքից։ Դա ամենացածր ցուցանիշն է կանցլերի համար ARD-DeutschlandTrend հարցման ամբողջ պատմության ընթացքում, որն անցկացվում է 1997 թվականից, հաղորդում է dpa գործակալությունը։

Ըստ ARD-ի համար Infratest dimap-ի անցկացրած հետազոտության՝ հարցվածների 88%-ը հայտարարել է, որ այս կամ այն չափով դժգոհ է Մերցի աշխատանքից։ Սեպտեմբերի սկզբին նրա աշխատանքը հավանություն էր տալիս հարցվածների 13%-ը։

Ցածր ցուցանիշներ է արձանագրում նաև Մերցի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (CDU)՝ Բավարիայի Քրիստոնեա-սոցիալական միության (CSU) հետ միասին։ Եթե Բունդեսթագի ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի, նրանք կստանային ձայների 20%-ը՝ մեկ տոկոսային կետով պակաս, քան սեպտեմբերին։

Միաժամանակ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը պահպանում է առաջին տեղը՝ 27%-ով։ «Կանաչներին» պատրաստ է քվեարկել 16%-ը, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) օգտին՝ 13%-ը, «Ձախերի» օգտին՝ 11%-ը։ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (FDP) ստանում է 4% և չի հաղթահարում հինգտոկոսանոց շեմը։

Կանցլերի ցածր վարկանիշի ֆոնին զգալիորեն ավելի բարձր գնահատական է ստանում SPD-ից պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը․ նրա աշխատանքը հավանություն է տալիս հարցվածների 50%-ը։

CDU-ից արտգործնախարար Յոհանն Վադեֆուլի աշխատանքից գոհ է 34%-ը, CSU-ից ներքին գործերի նախարար Ալեքսանդեր Դոբրինդտից՝ 27%-ը։ SPD-ից ֆինանսների նախարար Լարս Կլինգբայլին աջակցում է մոտ 20%-ը, աշխատանքի նախարար Բերբել Բասին՝ մոտ 16%-ը։

Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 28–30-ը՝ ընտրելու իրավունք ունեցող Գերմանիայի 1303 քաղաքացիների շրջանում։