Իսրայելը և մի շարք արաբական երկրներ նախապես պլանավորել էին FlyDubai ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպը՝ մտադրությամբ այն օգտագործել ԱՄՆ-ին Թեհրանի հետ հակամարտության հերթական փուլում ներքաշելու և առաջիկա ընտրություններում իսրայելցի առաջնորդ Բենիամին Նեթանյահուի հաղթանակն ապահովելու համար, պնդում է իրանական Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով տարածաշրջանում լավատեղյակ աղբյուրին։
Էմիրաթական ինքնաթիռի առևանգման հետ կապված «աբսուրդային սցենարը»... իրականացվել է չորեքշաբթի՝ Նեթանյահուի՝ մի քանի բարձրաստիճան ռազմական և հետախուզական պաշտոնյաների ուղեկցությամբ ԱՄԷ ժամանելուց երեք օր անց։ «Տեղեկացված աղբյուրի խոսքով՝ այս նախագիծը քննարկվել և լրամշակվել է հենց այդ այցի ընթացքում»,- ասվում է հեռուստաալիքի նյութում։
Press TV-ի զրուցակցի խոսքով՝ այցի ընթացքում ԱՄԷ-ին որոշակի դեր է վերապահվել Իսրայելի տարածաշրջանային նախագծերում։ Բացի այդ, Իսրայելը բազմակողմ բանակցություններ է վարել մի շարք այլ արաբական երկրների պաշտոնյաների հետ՝ օտար դրոշի ներքո գործողություն մշակելու և դրա համար Իրանին մեղադրելու նպատակով։
«Աղբյուրի խոսքով՝ այս գործողության նպատակը (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփին նոր (հակամարտության) ճահճի մեջ ներքաշելն է և Իրանի հետ պատերազմի նոր փուլ հրահրելը»,- պնդում է հեռուստաալիքը։
Ինչպես հայտարարել է Press TV-ի զրուցակիցը, Նեթանյահուն մտավախություն ունի, որ իր կոալիցիան չի կարողանա խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստանալ, և նախատեսում է հաղթանակ տանել՝ Թրամփին Թեհրանի հետ հակամարտության մեջ ներքաշելու միջոցով։ Աղբյուրի պնդմամբ՝ իսրայելցի առաջնորդը ցանկանում է օգտագործել ԱՄՆ-ին՝ իր քաղաքական դիրքերը բարելավելու համար։
Աղբյուրը շեշտել է, որ Թեհրանում ուշադիր հետևում են ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին և պատրաստվել են հերթական հնարավոր «անխոհեմ» քայլին, որին նրանք կարող են դիմել՝ որպես պատրվակ օգտագործելով ինքնաթիռի առևանգման հետ կապված «նախապես պլանավորված մեքենայությունը»։ Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ին և Իսրայելին կործանարար հարված հասցնել ցանկացած թշնամական գործողության դեպքում։





























