Axios-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայում և Կատարում նավթագազային օբյեկտների պաշտպանության համար ուղարկել է Patriot հրթիռային համակարգի երկու լրացուցիչ մարտկոց։

Նրանց տվյալներով՝ անցած ամիս ԱՄՆ զինված ուժերը Սաուդյան Արաբիա էին ուղարկել Patriot-ի մեկ մարտկոց՝ առանցքային նավթային օբյեկտի պաշտպանության համար։ Եվս մեկ Patriot մարտկոց ուղարկվել էր Կատար՝ գազային օբյեկտի պաշտպանության համար։

Պորտալը նշում է, որ այս կերպ ԱՄՆ-ը ցանկացել է հավաստիացնել երկու դաշնակիցներին, որ կպաշտպանի նրանց առանցքային էներգետիկ օբյեկտները, եթե նախագահ Դոնալդ Թրամփը որոշի վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները։

Axios-ը նաև, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնում է, որ «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը և նրա հարվածային խումբը կիրակի օրը դուրս են եկել Սան Դիեգոյից և ուղևորվել դեպի Մերձավոր Արևելք։ Ակնկալվում է, որ դրանք տարածաշրջան կհասնեն մոտավորապես նոյեմբերի կեսերին։

Ընդգծվում է, որ «Թեոդոր Ռուզվելտը» կմիանա «Ջորջ Բուշ» ավիակրին, որը մարտից գտնվում է տարածաշրջանում, ինչպես նաև «Ջորջ Վաշինգտոն» ավիակրին, որը ամռանը տեղափոխվել էր Ճապոնիայից և շուրջ մեկ ամիս է՝ գտնվում է տարածաշրջանում։

«Սա նշանակում է, որ մերձավորարևելյան տարածաշրջանում պոտենցիալ կարող են գտնվել մինչև երեք ավիակիր հարվածային խմբեր։ Դա շատ ավելի մեծ ուժ է կրակային հզորության տեսանկյունից», - հայտարարել է պորտալի զրուցակիցը։