Սա նոր շարժում է, որ տեսնում եմ արդեն երկրորդ տարին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանյաց ավետարանական եկեղեցու հիմնադիր Լևոն Բարդակչյանը, ով այսօր եկել է մասնակցելու Երևանում անցկացվող Հայաստանի Հանրապետության երկրորդ աղոթքի նախաճաշին։
«Ուզում եմ տեսնել, որքան աղոթքը և քաղաքականությունը իրար հետ համահունչ են, որքանով դա աղոթքի մասին է և որքանով քաղաքական է։ Այս հարցը ինձ տանչում է, ես աստվածաբանության դոկտոր եմ մասնագիտությամբ, դրա համար շատ մտածում եմ, աղոթում եմ, որ տեսնեմ, թե ինչպես կարող է աղոթք նախաճաշը օգնել մեր երկրի հոգևոր զարթոնքին»,–ասաց նա։
Անդրադռանալով եկեղեցի–իշխանություն հակամարտությանը, Բարդակչյանը պատասխանեց. «Բավական բարդ հարցեր եք տալիս, որ իմ մասնագիտությունն է, իմ դոկտորական թեզն է, որ 2000 թվին գրել եմ, թե ինչպե՞ս կարողանանք արթնություն բերել մեր հայ ժողովրդի մեջ, հավատքի մեջ և եկեղեցու մեջ։ Եկեղեցին մարմինն է հավատացյալների, ոչ թե ինստիտուտը։ Եկեղեցին պատկանում է Հիսուսին, ոչ թե պետությանը, ոչ թե որևէ ազգի։ Ես այս նախաձեռնության խորհրդատու եմ եղել առաջին իսկ օրից»։
Հարցին՝ այցելելո՞ւ է Մայր աթոռ, քանի որ օրակարգով նման բան կա նախատեսված, Բարդակչյանն ասաց. «Անկեղծ ասած չգիտեմ ծրագիրը, Մայր աթոռ միշտ ենք գնում, ես 300 հոգու քավոր եմ եղել, ես Հայ առաքելական եկեղեցու զավակ եմ, այնտեղ եմ մկրտվել, հետևաբար, Մայր աթոռ գնալու որևէ խնդիր չունեմ»։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը, նա նշեց. «Տեղյակ չեմ՝ երբ է գալու, բնավ ես Նիկոլի համար չեմ եկել, ես եկել եմ տեսնելու, թե ինչ կարող ենք անել մեր ժողովրդին»։
Ինչ վերաբերում է եկեղեցու ճգնաժամի վարաբերյալ կառավարության պատրաստած զեկույցին, նա նշեց. «Անկեղծ ասած, չեմ հետևում, տեղյակ չեմ հայտարարությանը, բայց մտահոգված եմ պետություն և եկեղեցի այս հակադրանքի հետ կապված։ Իմ համոզմամբ՝ եկեղեցին պետք է զբաղվի եկեղեցական գործերով, պետությունը՝ իր գործերով։ Այս տարանջատումը պետք է լինի»։
Նշենք, որ հոկտեմբերի 2-3-ը Երևանում կանցկացվի Հայաստանի Հանրապետության երկրորդ աղոթքի նախաճաշը (Republic of Armenia Prayer Breakfast, RAPB)։ Միջոցառումը կազմակերպիչները ներկայացնում են որպես հավատքի, հանրային կյանքի, միջազգային համագործակցության և տարածաշրջանային հարցերի շուրջ երկխոսության հարթակ։











