Եվրամիության և Մեծ Բրիտանիայի միջև դիզելային վառելիքի պաշարներն օգտագործելու ԱՄՆ պահանջի պատճառով անցկացված արտակարգ բանակցություններն ավարտվել են առանց պայմանավորվածությունների ձեռքբերման։ Այս մասին հոկտեմբերի 1-ին հայտնել է The Times թերթը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։

«Հինգշաբթի Բրիտանիայի և Եվրամիության էներգետիկայի նախարարների մասնակցությամբ տեղի ունեցած արտակարգ բանակցություններն ավարտվել են առանց որոշում (ընդունելու)»,- նշվել է հրապարակման մեջ։

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ եվրոպական երկրները չեն պատրաստվում կատարել Վաշինգտոնի պահանջները։ Միևնույն ժամանակ, պարբերականի մեկ այլ զրուցակից նշել է, որ Եվրոպայի որոշ երկրներ պատրաստ են քննարկել այս հարցը ԱՄՆ-ի հետ՝ հավելելով, որ կողմերի հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն ուրբաթ։

Նշվել է, որ իշխանությունների ներկայացուցիչները մտավախություն ունեն, թե ամերիկյան պահանջներին համաձայնելը կարող է ձմռանը Եվրոպային թողնել խոցելի վիճակում, եթե Պարսից ծոցում իրավիճակը սրվի։ Մասնավորապես, նրանց անհանգստացնում է Սաուդյան Արաբիայից Կարմիր ծովով վառելիքի մատակարարումների հնարավոր խափանումը՝ «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) գործողությունների պատճառով։

Միևնույն ժամանակ, պաշտոնյաները ոչ պաշտոնապես ընդունում են, որ ԱՄՆ-ի կողմից դիզելային վառելիքի արտահանման արգելքի սահմանումը նույնպես կարող է լուրջ խնդիրներ ստեղծել եվրոպական մատակարարումների համար։