Հարավային Կորեայի միավորման հարցերով նախարար Չոն Դոն Յոնը Հյուսիսային Կորեային առաջարկել է բանակցություններ անցկացնել՝ կապված ապառազմականացված գոտում վերջերս տեղի ունեցած միջադեպի հետ, հաղորդել է «Ռյոնհափ»-ը։
«Ես, որպես միավորման նախարար, առաջարկում եմ Հյուսիսին. մենք պետք է հիմա հանդիպենք և խոսենք։ Մենք պետք է, առնվազն, սկսենք շփվել, ստուգենք սահմանազատման գիծը և կրկին զննենք այն», - ուրբաթ լրագրողներին հայտնել է Չոն Դոն Յոնը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածի արմատական պատճառը «հրադադարի գծի խնդիրն է»։ Նախարարը նաև նշել է այդ գոտում տեսանելիության վատթարացումը։
Այս շաբաթ ավելի վաղ Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայից պահանջել էր ներողություն խնդրել և միջոցներ ձեռնարկել՝ կապված վերջին պայթյունի հետ, որը, ինչպես կարծում են Սեուլում, տեղի է ունեցել ապառազմականացված գոտում հյուսիսկորեական ականների պայթելու հետևանքով։ Միջադեպի հետևանքով սեպտեմբերի 21-ին տուժել է հարավկորեացի երեք զինծառայող։
Մինչդեռ Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչ Կիմ Յո Չժոնը, հայտարարել է, որ Փհենյանը կապ չունի տեղի ունեցած պայթյունի հետ, և Սեուլի մեղադրանքներն անվանել է «հերթական սադրանք»։




























