Հոկտեմբերի 2-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային գրոհ են իրականացրել Վոլգոգրադի մարզի «արդյունաբերական ենթակառուցվածքի» դեմ, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։ Նրա տվյալներով՝ Վոլգոգրադի Կրասնոարմեյսկի շրջանում գտնվող բազմաբնակարան շենքում հրդեհ է բռնկվել։ «Մեկ տուժած հոսպիտալացվել է, հրդեհը տեղայնացվել է», — նշել է Բոչարովը։ Իրենց հերթին, տեղի բնակիչները հայտնել են բազմաթիվ պայթյունների մասին «քաղաքի բոլոր շրջաններում»։ Ըստ ականատեսների տեսագրությունների, որոնք ուսումնասիրել է Astra-ն, ուժեղ հրդեհ է բռնկվել միմյանց մոտ գտնվող երկու ձեռնարկությունների՝ Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանի (ՆՎԳ) և «Կաուստիկ» քիմիական ձեռնարկության շրջանում։

«Լուկօյլին» պատկանող Վոլգոգրադի ՆՎԳ-ն («Լուկօյլ-Վոլգոգրադնեֆտեպերերաբոտկա» ՍՊԸ) Ռուսաստանի 10 խոշորագույնների թվում է։ Այն կարող է տարեկան վերամշակել մոտ 14,8 մլն տոննա նավթ։ Գործարանն արտադրում է ավտոմոբիլային բենզին, այդ թվում՝ բարձրօկտանային, դիզելային վառելիք, ավիացիոն կերոսին, մազութ և բիտում։ Դրանից առաջ այն անօդաչուների հարձակման էր ենթարկվել հուլիսի 31-ին։ Այդ ժամանակ վնասվել էին հիմնական արտադրական հզորությունները, և կանգնեցվել էին նավթի առաջնային վերամշակման կայանքները (АВТ-1 և АВТ-6)։ ՆՎԳ-ի հարևանությամբ գտնվող «Կաուստիկ» ԲԲԸ-ն քիմիական արդյունաբերության ձեռնարկություն է, որն արտադրանք է մատակարարում ռուսական ռազմարդյունաբերական համալիրին։

Անցած գիշեր հարվածի տակ են հայտնվել նաև «Սամարա» գծային արտադրական-դիսպետչերական կայանը (ԳԱԴԿ) և «Տրանսնեֆտի» ամենամեծ ռեզերվուարային պարկը, գրել է Astra-ն։ Օբյեկտի մակերեսը գերազանցում է 216 հեկտարը։ Այդ տարածքում գտնվում են 71 ռեզերվուար՝ ավելի քան 1,6 խորանարդ մետր նավթի ընդհանուր տարողությամբ, երկու նավթամղիչ և մեկ նավթի խառնման կայան։

«Սամարա» ԳԱԴԿ-ում միանում են չորս մայրուղային նավթամուղներ՝ «Ալմետևսկ — Կույբիշև», «Կալտասինսկի — Կույբիշև», «Նիժնևարտովսկ — Կուրգան — Կույբիշև» և «Գուրև — Կույբիշև»։ Այսպիսով, կայանը նավթ է ստանում Արևմտյան Սիբիրից, Թաթարստանից, Օրենբուրգից և Ղազախստանից։ Սամարայի մարզի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել օբյեկտում բռնկված հրդեհը, սակայն տարածաշրջանում հայտարարվել էր հրթիռային վտանգ։