Հոկտեմբերի 2-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Սամարայի մարզը, վաղ առավոտյան իշխանությունները հայտարարել են հրթիռային վտանգ և կոչ արել շրջանի բնակիչներին ապաստարան գտնել։ Այս ֆոնին Սամարայում դադարեցվել է վերգետնյա հանրային տրանսպորտի երթևեկությունը։ Տագնապի ավարտի մասին մարզի ղեկավար Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հայտնել է մի քանի ժամ անց՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ութն անց կեսին։ Միևնույն ժամանակ, նա չի տեղեկացրել օդային գրոհի հետևանքների մասին։

Տեղի բնակիչները սոցցանցերում գրել են Սամարայի մոտ տեղի ունեցած պայթյունների մասին։ Ինչպես Astra-ն պարզել է ականատեսների կադրերից, ուկրաինական գրոհի թիրախ է դարձել «Սամարա» գծային արտադրադիսպետչերական կայանը (ԳԱԴԿ)։ Սա Ռուսաստանում «Տրանսնեֆտին» պատկանող ամենախոշոր նավթային տրանսպորտային և բաշխիչ հանգույցն է։ Օբյեկտի տարածքը կազմում է ավելի քան 216 հեկտար, որտեղ տեղակայված է 71 ռեզերվուար՝ ավելի քան 1,6 մլն խորանարդ մետր նավթի ընդհանուր տարողությամբ։ Օբյեկտում միանում են միանգամից չորս մայրուղային նավթատարներ՝ «Ալմետևսկ — Կույբիշև», «Կալտասինսկի — Կույբիշև», «Նիժնևարտովսկ — Կուրգան — Կույբիշև» և «Գուրև — Կույբիշև»։ Այսպիսով, հետագա փոխադրման համար ԳԱԴԿ է մատակարարվում նավթ Արևմտյան Սիբիրից, Թաթարստանից, Օրենբուրգից և Ղազախստանից։

Բացի այդ, այս գիշեր ուկրաինական դրոնները զանգվածաբար գրոհել են Վոլգոգրադի մարզի «արդյունաբերական ենթակառուցվածքը», հայտնել է շրջանի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։ Ինչպես Astra-ն պարզել է, ուժեղ հրդեհ է բռնկվել միմյանց մոտ գտնվող երկու ձեռնարկությունների՝ Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանի (ՆՎԳ) և «Կաուստիկ» քիմիական ձեռնարկության շրջանում։ Առաջինը Ռուսաստանի խոշորագույն տասնյակի մեջ է և կարող է տարեկան վերամշակել մոտ 14,8 մլն տոննա նավթ։ Իր հերթին, «Կաուստիկը» քիմիական արտադրանք է մատակարարում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին։

ՌԴ Պպշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն՝ անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ ուժերը «որսացել և ոչնչացրել են» ինքնաթիռատիպ 646 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Դրոնները գրանցվել են 13 շրջանների և բռնակցված Ղրիմի երկնքում, այդ թվում՝ Սամարայի և Վոլգոգրադի մարզերի, ինչպես նաև Տուլայի, Կալուգայի, Ռոստովի, Սարատովի և Աստրախանի մարզերում։ Բացի այդ, դրոններ են խոցվել Սև և Ազովի ծովերի ջրատարածքներում։