Ներկայում Հայաստանում շրջանառվում է նախագծերի փաթեթ, և այդ փաթեթում առանցքայինը պետական նպաստների մասին օրենքի նախագիծն է, որի շրջանակում նախատեսվում է վերանայել թաղման նպաստների համակարգը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարումների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանը։

Նրա խոսքով՝ առաջին հերթին կվերանայվի նպաստառուների շրջանակը։

«Ինչպես ցանկացած նպաստ, այս նպաստն էլ ունի ստացողների շրջանակ, ինչպես նաև դիմելու և վճարման կարգ ու ժամկետներ։ Այսինքն՝ նոր համակարգում այս չորս հարցերը նույնպես քննարկվում են։ Դրանցից առանցքայինը նպաստառուների խմբի շրջանակի նեղացումն է»,- ասել է Գալստյանը։

Այսպես, գործող օրենսդրության համաձայն՝ թաղման նպաստ ստանալու իրավունք ունի այն անձը, որը կազմակերպում է կենսաթոշակառուի կամ կարիքների գնահատման համակարգում գրանցված ընտանիքի անդամի հուղարկավորությունը։ Իսկ նոր կարգավորումների համաձայն՝ թաղման նպաստ կտրամադրվի միայն այն անձին, որը կազմակերպել է ընտանիքի անդամի հուղարկավորությունը և հանդիսանում է կարիքների գնահատման համակարգում նպաստ ստացող։

Սա, ըստ էության, հիմնական փոփոխությունն է։

«Բացի այդ, մենք նախատեսում ենք, որ նպաստը կվճարվի, եթե մարդը մահացել է և հուղարկավորվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Սա հնարավորություն կտա թաղման նպաստի իրավունքն իրացնել առցանց դիմումների միջոցով։ Իհարկե, այսօր ևս կա թաղման նպաստը առցանց դիմումով ստանալու հնարավորություն, սակայն առանձին դեպքերում առաջանում է թղթային դիմում ներկայացնելու անհրաժեշտություն։ Մենք կփորձենք բացառել թղթային դիմում ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ թաղման նպաստի ողջ իմաստը օպերատիվության մեջ է»,- հայտնել է նախարարության ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է կենսաթոշակներին, ապա, ինչպես նշել է պաշտոնյան, այս օրենսդրական նախաձեռնությանը զուգահեռ շրջանառվում է մեկ այլ նախագիծ, որի համաձայն՝ թաղման նպաստների հաշվին խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը։

«Մենք կխնայենք շուրջ 4,3–4,4 մլրդ դրամ։ Խնայված միջոցներին կավելացնենք 1,1–1,2 մլրդ դրամ, և արդեն 2027 թվականի հունվարի 1-ից երկրում կենսաթոշակների չափերը կբարձրանան»,- հայտնել է Գալստյանը։

Աշխատանքային կենսաթոշակների դեպքում կավելանա հիմնական կենսաթոշակի չափը՝ 34 000 դրամից դառնալով 34 500 դրամ։ Դրանից բխում է, որ ցանկացած աշխատանքային կենսաթոշակ պետք է ավելանա առնվազն 500 դրամով։

«Մենք նաև կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակի չափը։ Այսպես, 46 000 դրամը կդառնա 47 000 դրամ։ Սա նշանակում է, որ մինչև ներառյալ 14 տարվա ստաժ ունեցող անձանց կենսաթոշակները կավելանան 1 000 դրամով, իսկ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակները՝ ավելի շատ»։