Հայաստանում իշխանությունը յուրացրածները ցանկանում են կեղծված քարտեզների հիման վրա Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին։ Այս մասին «Հայաքվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել է հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսում։

Չալաբյանն ընդգծել է, որ Տիգրանաշենը երբեք չի պատկանել Ադրբեջանին, իսկ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի այն քարտեզները, որոնց նրանք հղում են կատարում, այնպիսին են, որ Տիգրանաշենի կարգավիճակը կեղծված է։ Տիգրանաշենը գտնվում էր Հայկական ԽՍՀ տարածքում և երբեք չի փոխանցվել Ադրբեջանին։ Երկու երկրների անկախացումից հետո այն գտնվել է Արարատի մարզում, ինչն արտացոլված է վարչատարածքային բաժանման մասին օրենքում։ Եթե որևէ մեկը հակառակն է պնդում, թող ներկայացնի փոխանցման մասին փաստաթուղթ, որովհետև քարտեզները հիմք չեն, դրանք կարելի է նկարել, հայտարարել է Չալաբյանը։

Մյուս տարբերակը հանրաքվե անցկացնելն է, հիշեցրել է նա։ «90 տոկոսը դեմ է։ Եթե իշխանությունները պնդում են, թե ներկայացնում են ժողովրդին, թեև դա այդպես չէ, ապա թող կատարեն ժողովրդի մանդատը, իսկ ժողովուրդը Հայաստանի ինքնիշխան հողերը Ադրբեջանին հանձնելու մանդատ չի տվել»,- եզրափակել է Չալաբյանը։