Թուրքիան և Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) նոր բանակցություններ կանցկացնեն Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ՝ Սև ծովում հրադադարի հարցի վերաբերյալ, Bloomberg-ին հայտնել է դիվանագիտական շրջանակներին ծանոթ աղբյուրը։ Նրա խոսքով՝ հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի սկզբին և կանցնեն սննդամթերքի համաշխարհային գների աճի ֆոնին, որը պայմանավորված է Սևծովյան ավազանում ռուսական և ուկրաինական նավահանգիստների փաստացի շրջափակմամբ։
Նոր դիվանագիտական նախաձեռնությունը մինչ այդ քննարկվել էր Թուրքիայի, ԱՄՆ, Եվրոպայի, Եգիպտոսի և Հնդկաստանի ներկայացուցիչների կողմից՝ սեպտեմբերի վերջին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Հանդիպման փաստաթղթերում, որոնց ծանոթացել է Bloomberg-ը, նշվել է, որ դրա մասնակիցները ձևակերպել են «փոխշահավետ համաձայնություն», որը ներառում է ազատ առևտրային նավարկություն և նավահանգիստների, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքի պաշտպանություն։ Ենթադրվում է, որ բանակցությունները պետք է կրկնեն 2022 թվականի Սևծովյան հացահատիկային նախաձեռնության փորձը, որը հնարավորություն էր տալիս Ուկրաինայից արտահանել գյուղատնտեսական արտադրանք։ Միևնույն ժամանակ, նախօրեին՝ հոկտեմբերի 1-ին, Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կհրաժարվի ուկրաինական նավերին հարվածներ չհասցնելու առաջարկներից՝ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու դիմաց։





























