Հանրային սննդի շուկան իր վրա զգաց իշխանությունների մտցրած նոր հարկերի հետևանքները և ռուսաստանցիների խնայողության ռեժիմի անցումը։ Հուլիսին Ռուսաստանում այդ ոլորտի հաստատությունների ընդհանուր թիվը տարեկան արտահայտությամբ կրճատվել է 7,8 տոկոսով և կազմել 223,8 հազար կետ, հաշվարկել են Infoline-ի վերլուծաբանները։ Այս ցուցանիշի անկումը գրանցվում է առաջին անգամ 2022 թվականից ի վեր, և նվազումն ավելի զգալի է եղել, քան քովիդի ճգնաժամի ժամանակ. 2020 թվականին սահմանափակումների ամենաթեժ շրջանում երկրում սրճարանների և ռեստորանների թիվը նվազել էր 4,8 տոկոսով, 2021-ին՝ 2,6 տոկոսով, փոխանցել է «Կոմերսանտ»-ը։ Հաշվարկների համաձայն՝ հուլիսին ամենից հաճախ փակվել են հացատները (-13 տոկոս տարեկան կտրվածքով) և ֆասթֆուդի հաստատությունները (-11,8 տոկոս), «սուրճը հետը վերցնելու» ձևաչափի կետերը (-10,6 տոկոս), ինչպես նաև դասական սրճարանները (-10,2 տոկոս)։

Մոսկվայում, CMWP-ի առևտրային անշարժ գույքի դեպարտամենտի ղեկավար Զուլֆիա Շիլյաևայի տվյալներով, հունվար-հունիսին փակվել է սեփական նստատեղերով 330 կետ, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան մեկ տարի առաջ։ Ամենից հաճախ լուծարվել են հացատները։ Հանրային սննդի շուկան կտրուկ կրճատվում է հաճախելիության անկման և ռուսաստանցիների ծախսերի կրճատման պատճառով։ «Էվոտոր»-ի տվյալներով՝ սեպտեմբերի 1-25-ին սրճարաններում կտրոնների թիվը տարեկան կտրվածքով նվազել է 5 տոկոսով, իսկ ֆասթֆուդում՝ 7 տոկոսով։ «Շոկոլադնիցա» ցանցում պարզաբանում են, որ այժմ «հաճախելիությունը լուրջ ճնշման տակ է» միջին կտրոնի աճի պայմաններում՝ գների բարձրացման պատճառով։ Շիլյաևան հավելել է, որ աճել է հարկային բեռը, քանի որ իշխանությունների նոր պահանջների պատճառով շատ փոքր սրճարաններ ստիպված են վճարել ԱԱՀ, որը դեռ մի բան էլ նաև բարձրացրել են մինչև 22 տոկոս։

Ռուսաստանի ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի փոխնախագահ Իրինա Բլագովեշչենսկայայի խոսքով՝ ռեստորատորները դադարեցնում են այն կետերի աշխատանքը, որոնք հարկային փոփոխություններից հետո դառնում են ոչ շահութաբեր։

Հանրային սննդի ոլորտի վրա լրացուցիչ բեռ են ստեղծում աշխատավարձերի ծախսերի շարունակվող աճը, թանկ վարկերը և «բացասական արտաքին ֆոնը», հայտնել է Gagawa ցանցի գլխավոր տնօրեն Լենար Կուտլինը։ «Շոկոլադնիցա»-ում հավելել են, որ աճում է նաև հենց սննդամթերքի և լոգիստիկայի արժեքը։

«Հյուրերն անցել են ռեստորան գնալու իրադարձային ռեժիմի, տնից դուրս սնվելն այլևս դադարել է ամենօրյա նորմ լինել»,- ավելի վաղ պարզաբանել էր «Ադիզես Բիզնես Քոնսալթինգ»-ի խորհրդատու Ալեքսեյ Կոմկովը։ Հանրային սննդի ոլորտին գնալով ավելի մեծ մրցակցություն են ստեղծում սուպերմարկետները, առաքման ծառայությունները և դարքսթորները, որոնք ռուսաստանցիներին առաջարկում են «պատրաստի ուտեստների հսկայական տեսականի»՝ արագ և հաճախ ավելի ցածր գներով, նշել է Black Star Burger ցանցի սեփականատեր Յուրի Լևիտասը։