FlyDubai-ի չվերթի առևանգման փորձի ժամանակ վիրավորված հնդիկ օդաչուն հոկտեմբերի 2-ին միջադեպի մասին պատմել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին։

Սմիթ Մաչհարը ընկել է հատակին, երբ նրա վրա հարձակվել է երկրորդ օդաչուն։ Վիրավորված տղամարդը հասկացել է, որ ինքնաթիռը կորցնում է բարձրությունը և պետք է փորձել ինչ-որ բան անել։

«Ես ինքս ինձ ասացի, որ պետք է վերջին ճիգը գործադրեմ և ներսից բացեմ դուռը, որպեսզի մյուս մարդիկ մտնեն խցիկ և նույնպես օգնեն իրավիճակը վերահսկողության տակ վերցնել», — նրա խոսքերը փոխանցել է BBC հեռուստաալիքը։

Մաչհարը շատ արյուն է կորցրել։ Դա հաստատել է նաև բժիշկը, որը նրան առաջին օգնություն է ցույց տվել։ Ինքը՝ օդաչուն, վարչապետին պատմելիս հավելել է, որ անընդհատ աղոթում էր։

FlyDubai ավիաընկերության ինքնաթիռը, որը սեպտեմբերի 30-ին Դուբայից թռչում էր Թել Ավիվ, նախ կարճ արտակարգ ազդանշան է տվել, ապա ուղարկել է այն կոդը, որն օգտագործվում է առևանգման մասին հաղորդելու համար։ Նախնական տվյալներով՝ երկրորդ օդաչուն դանակով հարվածել է հրամանատարին, ապա փորձել է կործանել ինքնաթիռը։ Տուժածը Հնդկաստանի քաղաքացի է եղել։

Հարձակվողին վնասազերծել են չվերթի ուղևորների օգնությամբ։ Օդանավը շտապ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքում, իսկ երեկոյան փրկարարական օդանավը ուղևորներին տեղափոխել է Թել Ավիվ։