Բյուրեղավանում խմելու ջրի որակի լաբորատոր փորձաքննությունները կատարվում են ամենօրյա ռեժիմով։ Այս մասին հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու տարբեր կառույցների իրականացրած փորձաքննությունների արդյունքները չեն համընկել։
Վերջին օրերին, ինչպես նշել է պաշտոնյան, շեղումներ չեն հայտնաբերվել։ Այնուամենայնիվ, գործընթացը դեռ ավարտված չէ։
Նրա խոսքով՝ տեսչական մարմինը պատվիրում է առանձին անկախ լաբորատոր հետազոտություններ, իսկ «Վեոլիա Ջուր»-ը հետազոտություններ է անցկացնում ներքին վերահսկողության ընթացակարգի շրջանակում։
«Մենք ամեն օր ստանում ենք փորձաքննության տվյալները։ Եթե հարցեր են առաջանում, մենք դիմում ենք այս կազմակերպությանը կամ ներկայացնում ենք մեր առաջարկությունները։ Միայն ամփոփումներից հետո մենք կկարողանանք վերջնականապես ասել՝ կա՞ խնդիր, թե՞ ոչ»,- ասել է Սարգսյանը։
Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով՝ ինքն ամեն օր ստանում է տվյալներ ոչ միայն ջրի որակի, այլև այն կետերի մասին, որտեղ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվի նմուշառման լրացուցիչ գործընթաց։
«Վերջին օրերին որևէ խնդիր չի բացահայտվել։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք, սակայն ամբողջական պատկերը կկարողանանք ներկայացնել միայն ամփոփումներից հետո։ Ժամանակին հայտնաբերված բոլոր շեղումների մասին տեղեկատվությունը հրապարակվել է»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Բյուրեղավանում աղիքային վարակի առաջին զանգվածային դեպքերը գրանցվել էին դեռ այս տարվա մայիսին։ Այն ժամանակ հոսպիտալացվել էր մի քանի տասնյակ մարդ։ Խմելու ջրում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի բակտերիաներ։
Նոր բռնկման մասին հայտնի դարձավ հուլիսի 17-ին։ Ամբուլատոր օգնության համար դիմել էր 30 մարդ, որոնց մեծ մասը չորս-հինգ տարեկան երեխաներ էին։ Դրանից հետո Բյուրեղավանի բնակիչները քաղաքապետարանի շենքի մոտ ակցիա անցկացրին՝ պահանջելով լուծել խմելու ջրի խնդիրը, որը նրանք համարում էին թունավորումների պատճառը։
Արդեն հուլիսի 24-ին խմելու ջրի նոր նմուշներում կրկին բակտերիաներ էին հայտնաբերվել։ Հարկ է նաև նշել, որ այս դեպքը վերջին կես տարվա ընթացքում արդեն երրորդն էր։





























