Ֆիլիպիններում հանքում անհայտ գազից թունավորման հետևանքով յոթ մարդ է զոհվել։ Ողբերգության մասին հայտնել են երկրի հյուսիսում գտնվող Լեռնային նահանգի կառավարության մամուլի ծառայությունից։

«Լեռնային նահանգի կառավարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ողբերգության կապակցությամբ, որը խլել է յոթ մարդու կյանք։ Ականատեսը [ոստիկանությանը] հայտնել է գազից թունավորման ենթադրյալ դեպքի մասին»,- ասվում է իշխանությունների Facebook-ում հրապարակված հայտարարության մեջ։

Իշխանությունների տվյալներով՝ սեպտեմբերի 30-ի երեկոյան հարևան Բենգետ նահանգի իրավապահները հաղորդում են ստացել հանքում արգելափակված մարդկանց մասին։ Տեղ հասնելով՝ նրանք հայտնաբերել են 18-62 տարեկան յոթ տղամարդու՝ առանց կյանքի նշանների։ Յոթ զոհերից վեցը բնակվում էին Լեռնային նահանգում։

Ոստիկանությունը պարզում է, թե կոնկրետ որ նյութն է հանգեցրել ողբերգությանը և ինչպես է այն հայտնվել հանքում։ Դեպքի հանգամանքների քննությունը շարունակվում է։