Ֆրանսիան համաձայնություն չի տվել Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի հետ նոր «Անհատական հարմարեցված գործընկերության ծրագրին» (ITPP)։
Ինչպես հայտնում է Politico-ն՝ հղում անելով ՆԱՏՕ-ի դիվանագետներին, Ֆրանսիան արգելափակել է Բաքվի հետ նոր գործընկերության ծրագրի համաձայնեցումը՝ վկայակոչելով Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալությունը։
Պարբերականը գրում է, որ ի պատասխան Ֆրանսիայի դիրքորոշման և ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության, Թուրքիան չի համաձայնել առանձին հաստատել գործընկերության ծրագիրը, որը վերաբերում է Հայաստանին։ Արդյունքում, ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները կարգավորող երկու փաստաթղթերի հաստատումն արդեն ավելի քան մեկ տարի ձգձգվում է։
Politico-ի հետ զրուցած թուրք պաշտոնյան հայտարարել է, որ այս հարցը Թուրքիայի, Ֆրանսիայի և Հայաստանի միջև դիմակայություն չէ։ Նրա կարծիքով՝ Անկարան վաղուց պատրաստ է միաժամանակ հաստատել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին առնչվող փաստաթղթերը։
ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ դաշինքը լայն համագործակցություն է իրականացնում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, ներառյալ պաշտպանական պլանավորումը, զորավարժությունները և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը, և պատրաստ է առաջ մղել գործընկերության երկու ծրագրերն էլ։





























