ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը ձեռնարկում են միջոցառումներ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17։25-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով շտապօգնության կողմից բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։

Ըստ նախնական տվյալների՝ նշված անձը վնասվածք է ստացել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում՝ վիճաբանության ընթացքում։

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, 8 կրակված պարկուճ և «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր։

«Mercedes»-ի սեփականատերը միջադեպի հետ կապ չունի, պարզապես նա ավտոմեքենան կայանել է բակում, որոշ ժամանակ անց տեղեկացել է, որ կրակոցների հետևանքով այն նույնպես վնասվել է։