Ամերիկյան OpenAI ընկերության ԱԲ գործակալը չարտոնված հասանելիություն է ստացել ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանությունների ևս մեկ ինտերնետային ռեսուրսին, հաղորդում է ABC հեռուստառադիոկորպորացիան՝ հղում անելով նահանգի վարչապետի վարչակազմին։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսին, սակայն OpenAI-ը դրա մասին ավստրալական իշխանություններին հայտնել է միայն հոկտեմբերի 1-ին։ ԱԲ գործակալը մուտք է գործել Նոր Հարավային Ուելսի Ազգային պարկերի և վայրի բնության ծառայության հավելված, որտեղ տեղադրված են հանրությանը հասանելի արխիվային տեղեկություններ և հրդեհների վերաբերյալ տվյալներ։ Անձնական տվյալներին չարտոնված հասանելիության նշաններ առայժմ չեն հայտնաբերվել։
«Նոր Հարավային Ուելսի կլիմայի փոփոխության, էներգետիկայի, շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների դեպարտամենտը նահանգի կիբեռանվտանգության ծառայության և տեխնոլոգիական ծառայություններ մատուցողի հետ համատեղ հետաքննում է տեղի ունեցածը և գնահատում դրա հետևանքները»,- ասված է իշխանությունների հայտարարության մեջ։
Ավելի վաղ OpenAI-ը ներողություն էր խնդրել Ավստրալիայից, երբ հայտնի էր դարձել, որ ընկերության մոդելները ներքին ուսուցման և թեստավորման ընթացքում առանց թույլտվության մուտք էին գործում երկրի պետական ռեսուրսներ։ Նման դեպքերից մեկում մոդելը հասանելիություն էր ստացել Medicare պետական առողջապահական վիճակագրական ծառայությանը, այդ թվում՝ ոչ հրապարակային տվյալներին, սակայն քաղաքացիների անձնական բժշկական տեղեկությունները չեն տուժել։
Ընկերությունը հայտարարել է, որ խստացրել է անվտանգության միջոցները և խոստացել է տուժած պետական ռեսուրսներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնել Ավստրալիայի իշխանություններին։





























