Ռուսական արտադրության զենքի հերթական խմբաքանակը մոտ ժամանակներս կհասնի Վենեսուելա: Այս մասին հայտնել է այդ երկրի նախագահ Ուգո Չավեսը: «Առանց Ռուսաստանի օգնության մենք այսպիսի ռազմական հզորություն չէնք ունենա, որպիսին հիմա ունենք»,-հայտարարել է բոլիվարյան հեղափոխության առաջնորդը:

Խոսքը Վենեսուելայի բանակը ժամանակակից զինատեսակներով համալրելու պլանի շրջանակներում զենքի մատակարարումների մասին է, հստակեցրել է Չավեսը:

«Մենք վստահ ենք Ռուսաստանի եւ Չինաստանի աջակցության վրա` բոլոր ուղղություններով»,-ասել է Չավեսը, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»:

Հաղորդելով նավերի, տանկերի եւ հակաօդային պաշտպանության համակարգերի ժամանման մասին, Չավեսն ընդգծել է, որ այդ զինատեսակները Վենեսուելային անհրաժեշտ են ոչ թե որեւէ երկրի վրա հարձակվելու համար, այլ` պաշտպանողական նկատամ ունեն:

Նշենք, որ 2011 թվականի տվյալներով Վենեսուելան զբաղեցրել է առաջին տեղը ռուսական զենք ներկրող երկրների շարքում: