Երևանում առաջին անգամ անցկացվեց TrustConf2026 by imID-ն՝ թվային վստահությանը նվիրված ամենամյա համաժողովը, որը մեկ հարթակում համախմբեց պետական և մասնավոր հատվածների, ֆինանսական և հեռահաղորդակցության ոլորտների, տեխնոլոգիական համայնքի, բիզնեսի և միջազգային փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին։

TrustConf-ը ստեղծվել է որպես Հայաստանի թվային վստահության էկոհամակարգի ամենամյա հարթակ՝ ոլորտի առանցքային դերակատարներին մեկտեղելու, թվային վստահության զարգացման ընթացքը, գործնական կիրառությունը և միջազգային փորձը քննարկելու, ինչպես նաև ոլորտի հետագա զարգացման շուրջ շարունակական մասնագիտական երկխոսություն ձևավորելու նպատակով։

Համաժողովի մեկնարկը նշանավորեց նաև թվային վստահության ոլորտի զարգացման նոր փուլը՝ արդեն ձևավորված փորձառությունը տեղափոխելով ավելի լայն՝ ոլորտային հարթություն և մեկտեղելով էկոհամակարգի տարբեր դերակատարներին։

«Վստահությունն սկսվեց ենթակառուցվածքից։ Այս տարիների ընթացքում մենք ձևավորեցինք այն տեխնոլոգիական հիմքը, որի վրա այսօր արդեն զարգանում են imID-ի պրոդուկտներն ու ծառայությունները։ Այժմ անցնում ենք հաջորդ փուլին՝ նոր սերնդի imID app-ով, որտեղ մեր ստեղծած ենթակառուցվածքն ու վստահության ծառայությունները վերածվում են օգտատիրոջ համար պարզ և հասանելի փորձառության։ Նոր լուծում, նոր փորձառություն, բայց նույն վստահությունը, որի վրա կառուցվել է imID-ն», — նշեց imID-ի գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանը։

Նոր սերնդի imID app-ն առանձնանում է վեց հիմնական առավելությամբ՝ բացառիկ անվտանգություն, զեղծարարության զսպման (anti-phishing) լուծումներ, EU eIDAS 2.0 համապատասխանություն, մարդակենտրոն ինտերֆեյս, խիստ վավերացված ինքնություն և լայն հասանելիություն։

Թվային վստահության զարգացումը, սակայն, չի սահմանափակվում տեխնոլոգիական լուծումներով։ Դրա լայն կիրառման համար առանցքային է պետություն–մասնավոր համագործակցությունը, որը հնարավորություն է տալիս տեխնոլոգիական լուծումները համադրել պետական թվային ենթակառուցվածքների և կարգավորող միջավայրի հետ։

Որպես այս համագործակցության գործնական ուղղություններից մեկը՝ ՀՏՀԳ էլեկտրոնային նույնականացման ղեկավար Լուսինե Բարսեղյանը ներկայացրեց «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակը՝ որպես պետական և մասնավոր համակարգերի փոխգործակցության կարևոր բաղադրիչ։

Թվային վստահության ենթակառուցվածքի գործնական կիրառությունը TrustConf2026-ի ընթացքում ներկայացվեց նաև նաև գործնական ձևաչափով։ imID Պրոդուկտի և մարքեթինգի գծով տնօրեն Արմեն Ավագ Ավագյանը ցուցադրեց նոր սերնդի imID հավելվածի կիրառումը և imID Sign-ի միջոցով փաստաթղթի էլեկտրոնային ստորագրման գործընթացը՝ ցույց տալով, թե ինչպես է համակարգի հիմքում գործող բարդ տեխնոլոգիան օգտատիրոջ համար վերածվում արագ, անվտանգ և պարզ փորձառության։

«Այս ընթացքում մենք ոչ միայն ձևավորեցինք անհրաժեշտ տեխնոլոգիական հենքը, այլև դրա վրա կառուցեցինք մեր պրոդուկտներն ու ծառայությունները՝ թվային ինքնությունից ու նույնականացումից մինչև էլեկտրոնային ստորագրություն։ imID Sign-ն այդ աշխատանքի շոշափելի օրինակներից մեկն է», — նշեց Արմեն Ավագ Ավագյանը։

Թվային վստահության զարգացման հաջորդ կարևոր ուղղությունը միջազգային չափանիշներին համապատասխանությունն ու փոխգործունակությունն է։ Հայաստանի համար սա հնարավորություն է ոչ միայն զարգացնելու միջազգային պահանջներին համապատասխան լուծումներ, այլև ամրապնդելու իր դիրքը վստահության ծառայությունների միջազգային ասպարեզում։

Այս համատեքստում Obserwatorium.biz-ի eIDAS փորձագետ Մարչին Վոլսկին ներկայացրեց եվրոպական eIDAS կարգավորումը և Հայաստանի ու Եվրոպական միության միջև համագործակցության հեռանկարները։

«Հայաստանը վստահության ծառայությունների ոլորտում շատ կարճ ժամանակում կարողացավ զարգացման մեծ ճանապարհ անցնել և այսօր արդեն ունի եվրոպական չափանիշներին համապատասխան մրցունակ էկոհամակարգ։ Մենք այլևս խոսում ենք ոչ միայն փորձի փոխանցման, այլև գործընկերության մասին՝ Հայաստանի և եվրոպական վստահության համայնքի միջև ավելի ամուր կապեր ստեղծելու և հաջորդ քայլերը միասին ձևավորելու համար», — նշեց Մարչին Վոլսկին։

Այս գործընկերության շրջանակում հայտարարվեց նաև կարևոր նոր նախաձեռնության մասին․ 2027 թվականին imID-ն, որպես Trusted Economy Forum-ի գործընկեր, վստահության էկոհամակարգի այդ խոշորագույն համաժողովներից մեկի ծրագրի մի մասը կհյուրընկալի նաև Երևանում՝ TrustConf2027-ի շրջանակում։

Համաժողովն ամփոփվեց Trust Talks live podcast-ով՝ թվային վստահության թեման շարունակելով արդեն ինտերակտիվ քննարկման ձևաչափով։ Քննարկումը վարեց Նարեկ Ամիրխանյանը, իսկ imID-ի իրավական, ռիսկերի և համապատասխանության գծով տնօրեն Աննա Հակոբյանը և ֆինանսական ու գործառնական գծով տնօրեն Մարինե Խաչատրյանը թվային վստահությունը դիտարկեցին իրավական, ֆինանսական և գործառնական տեսանկյուններից։