Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը։
«Մեզ շրջապատող ամբողջ պարագծով շարունակվում են պատերազմներն ու բախումները, և չկան որևէ միջազգային մեխանիզմներ՝ այդ պատերազմները կանգնեցնելու համար, և, ամենայն հավանականությամբ, չեն էլ լինի։ Որովհետև միջազգային իրավունքը լիովին դադարել է գործել։ Նրանց թիվը, ովքեր դրան նշանակություն են տալիս, կտրուկ նվազում է»,- ասել է Ալիևը։
Ըստ նրա՝ նման պայմաններում Ադրբեջանը պետք է ամեն օր պատրաստ լինի պատասխանելու ցանկացած ռազմական սադրանքի։
«Մենք պետք է ունենանք այդպիսի ուժ, և հասնում ենք դրան, որպեսզի որևէ մեկի մտքով անգամ չանցնի Ադրբեջանի դեմ որևէ սադրանք կազմակերպել։ Այսպիսով, դա առաջնահերթ խնդիր է, և պատահական չէ, որ այսօր քննարկվող պետական բյուջեում՝ հաջորդ տարվա բյուջեում, ռազմական և անվտանգության հարցերը կրկին գտնվում են առաջնային պլանում, և այդ նպատակների համար նախատեսվում է մոտ 9 միլիարդ մանաթ»,- նշել է նա։
Ալիևը հավելել է, որ երկրի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում անվտանգության հարցերին։





























