Աշխարհում կյանքի միջին տևողությունը աճել է և հասել այն մակարդակին, որը գրանցվել էր մինչև կորոնավիրուսի համավարակը, ուրբաթ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
ԱՀԿ-ն գնահատել է առողջապահության ոլորտի միտումներն ըստ երկրների և տարածաշրջանների 2000-2023 թվականների ընթացքում՝ ներառյալ կյանքի սպասվող տևողության, մահացության և հիվանդացության ցուցանիշների, ինչպես նաև հիվանդությունների դինամիկան։
«2023 թվականին կյանքի սպասվող տևողության համաշխարհային ցուցանիշը վերականգնվել է մինչև 73,3 տարի՝ մոտենալով համավարակին նախորդած մակարդակին, սակայն առողջ կյանքի սպասվող տևողությունը դեռևս ցածր է 2019 թվականի ցուցանիշներից»,- նշվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։
Այսօր ոչ վարակիչ հիվանդություններին բաժին է ընկնում աշխարհում մահվան բոլոր դեպքերի 74%-ը՝ 2000 թվականի 58%-ի համեմատ։
Միաժամանակ դեմենցիայից մահացությունը եռապատկվել է, իսկ տագնապային խանգարումներին և դեպրեսիային առնչվող առողջության կորուստները համավարակի սկսվելուց հետո կտրուկ աճել են։
2023 թվականին մահվան տասը հիմնական պատճառներին բաժին է ընկել աշխարհում գրանցված 61 միլիոն մահվան դեպքերից 33 միլիոնը։ Այդ տասը հիմնական պատճառներից ութը ոչ վարակիչ հիվանդություններ են կազմել։
Այսպես, մահացության գլխավոր պատճառներն են եղել սրտանոթային հիվանդությունները, ներառյալ սրտի իշեմիկ հիվանդությունն ու կաթվածը, ինչպես նաև շնչառական օրգանների հիվանդությունները, ներառյալ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունն ու ստորին շնչուղիների վարակները, նշել են ԱՀԿ-ում։





























