Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը երկու շաբաթ առաջ եվրոպացի գործընկերներին ցույց է տվել հետախուզության որսած ռուսական ծրագիրը, որը նախատեսում էր այս աշնանն ու ձմռանը լիովին շարքից հանել ուկրաինական էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման և ջրամատակարարման համակարգերը։ Դրա մասին The New York Times-ին պատմել են երկու իրազեկ աղբյուրներ։ Ըստ փաստաթղթի, որին ծանոթացել է պարբերականը, հարձակումների նպատակը ամռան վերջի դրությամբ Ուկրաինայի ունեցած գրեթե բոլոր՝ 15 ԳՎտ գեներացնող հզորությունների ոչնչացումն է։

Օգոստոսով թվագրված ծրագիրը նախատեսում է հարձակումների երեք փուլ։ Նախ՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածներով ենթադրվում է շարքից հանել Ուկրաինայի արևմտյան սահմանների մոտ գտնվող ենթակայանները, որոնք էլեկտրաէներգիա են ներմուծում Եվրոպայից։ Այնուհետև նախատեսվում են հարձակումներ հիդրոէլեկտրակայանների վրա։ Երրորդ փուլում ծրագրվում է կանգնեցնել գործող բոլոր երեք ատոմային էլեկտրակայանները (չորրորդը՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը, գտնվում է օկուպացված տարածքում)։

Դրա համար ռուսական բանակը հրթիռային հարվածներ կհասցնի այն ենթակայաններին, որոնք ԱԷԿ-երը միացնում են էներգահամակարգին և սովորաբար գտնվում են ռեակտորներից 1-1,5 կմ հեռավորության վրա։ Ռովնոյի, Հարավուկրաինական և Խմելնիցկու ԱԷԿ-երը՝ ինը գործող էներգաբլոկներով, արտադրում են էլեկտրաէներգիայի մոտ 63%-ը՝ ըստ 2025 թվականի վերջի տվյալների, որոնք ներկայացրել է Էներգետիկայի և կոմունալ ծառայությունների ոլորտներում պետական կարգավորում իրականացնող ազգային հանձնաժողովը։

Ռուսաստանն արդեն 2024 թվականի աշնանը փորձել էր ենթակայաններին հարվածներով ԱԷԿ-երը անջատել ցանցից։ Այդ ժամանակ ԱԷՄԳ-ն նույնիսկ հայտարարել էր ռուսական գնդակոծությունների պատճառով ուկրաինական ԱԷԿ-երի համար «ահռելի ռիսկի» մասին։ Սակայն ներկայիս ծրագիրն ավելի համակարգային մոտեցում է ներկայացնում և նախատեսում է լիարժեք հումանիտար ճգնաժամի ստեղծում։