ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ հիմնադրամը կնքել է առաջին գործարքը ռազմավարական նշանակության հանքանյութերի արդյունահանման վերաբերյալ՝ Ուկրաինայի բնական ռեսուրսների մասին համաձայնագրի շրջանակում, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի (DFC) ներկայացուցչին։
«Ամերիկա-ուկրաինական համատեղ վերականգնման ներդրումային հիմնադրամը կնքել է իր առաջին գործարքը ռազմավարական նշանակության հանքանյութերի ոլորտում»,- ասվում է հրապարակման մեջ։
Հիմնադրամի նախագծերի ընդհանուր արժեքը կարող է հասնել մոտ 70 միլիոն դոլարի, պնդում է DFC-ի ներկայացուցիչ Քոնոր Քոուլմանը։
Ռազմավարական նշանակության հանքանյութերի վերաբերյալ գործարքի շրջանակում նախատեսվում է շուրջ 30 միլիոն դոլար ներդնել ուկրաինական BGV Group-ի հետ համատեղ ներդրումային հարթակում։ Առաջին փուլում այն կենտրոնանալու է Ուկրաինայում հանքավայրերի մշակման, ներառյալ՝ հազվագյուտ հողային մետաղների, ուրանի, բերիլիումի և ցիրկոնիումի վրա։





























