Անգլիական Բաքինգեմշիր կոմսության Լատիմեր գյուղի բնակիչները բողոքել են տրանսպորտի և սոցիալական ծառայությունների աշխատանքի հետ կապված խնդիրներից՝ Հարի Փոթերի մասին վիպաշարի մոտիվերով նոր սերիալի նկարահանումների պատճառով։ Դրա մասին, հղում անելով տեղի բնակիչներին, հայտնել է բրիտանական Daily Mail պարբերականը։

«Մեզ մոտ այստեղ նկարահանումներ են անցկացվել ամենատարբեր սերիալների համար, <...> և ամեն ինչ լավ էր։ Կարծում եմ՝ Warner Bros.-ը չափն անցել է։ Գյուղը գործնականում կանգ է առել։ Նույնիսկ հետիոտնային արահետներն են փակվել»,- պատմել է պարբերականին բնակիչներից մեկը։

Պարբերականի տվյալներով՝ բնակավայրում ճանապարհները փակել են HBO-ի թողարկած սերիալի նկարահանումների համար։ Տեղի բնակիչները պատմել են, որ ճանապարհների մի մասը երեքշաբթի փակ է եղել հատուկ մեքենաների համար, իսկ բնակիչների ավտոմեքենաների համար՝ երկուշաբթի և չորեքշաբթի։ Դրա պատճառով նրանցից ոմանք ստիպված են եղել գրեթե 18 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհ կտրել։

Միևնույն ժամանակ բնակիչների մի մասը չի համաձայնել նկարահանումների կազմակերպման վերաբերյալ քննադատության հետ։ Նրանցից մեկը հայտարարել է, որ ճանապարհներն ամբողջությամբ փակված չեն եղել, իսկ տեղական իշխանությունները պարբերաբար նման սահմանափակումներ են մտցնում։

Կոմսության խորհրդի ղեկավարի տեղակալ և տրանսպորտի հարցերով նախարարների կաբինետի անդամ Թոմաս Բրումը հայտնել է, որ երթուղիների փոփոխությունները համաձայնեցվել են տեղական իշխանությունների հետ։ Ըստ նրա՝ նկարահանումները կնպաստեն կոմսության տնտեսության զարգացմանը։ Նա միաժամանակ խոստացել է միջոցներ ձեռնարկել շրջանցիկ երթուղիներ ստեղծելու և բնակիչների համար անհարմարությունները նվազեցնելու ուղղությամբ։