Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Գույյան քաղաքում երեքամյա տղան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո, հայտնում է «Սինա» պորտալը։

«Գույչժոու նահանգի Գույյան քաղաքում երեք տարեկան տղան պատահաբար ընկել է տասներորդ հարկից, սակայն, բարեբախտաբար, ընկել է ներքևում գտնվող մրգի խանութի հովանոցի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես ճշտել է պորտալը, ընկնելուց հետո երեխայի բերանից և քթից արյուն էր գալիս, սակայն նա գիտակից էր և ժպտում էր անցորդներին։ Տղային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ կոտրվածքներ կամ ներքին օրգանների վնասվածքներ չեն հայտնաբերվել։

Խանութի հովանոցը ամբողջությամբ վնասվել է, սակայն սեփականատերը մտադիր չէ փոխհատուցում պահանջել։