Մի շարք ամերիկյան ԶԼՄ-ներ հայտնել են երկրորդ օդաչուի անունը, որը, ըստ հետաքննության տվյալների, փորձել էր ահաբեկչություն կազմակերպել flydubai-ի օդանավի բորտում, որտեղ եղել են իսրայելցի ուղևորներ։ Նա Օմանի քաղաքացի 29-ամյա Համամ ալ-Համմանին է։
Ինչպես հայտնում է CNN-ը, ալ-Համմանիի LinkedIn-ի հեռացված էջում նշված էր, որ նա շուրջ յոթ տարի աշխատել է Oman Air-ում՝ մինչև 2025 թվականի փետրվարը։ Նույն տարվա հունիսին նա սկսել էր աշխատել մարոկկոյական Royal Air Maroc ավիաընկերությունում, որտեղից հեռացել էր 2026 թվականի հունվարին։ Էջում flydubai-ի մասին հիշատակումներ չկային, սակայն իրավիճակին ծանոթ CNN-ի աղբյուրը հաստատել է, որ էջը պատկանել է նրան։
Ըստ էջի տվյալների՝ ալ-Համմանին նաև սովորել է Մեծ Բրիտանիայի Buckinghamshire New University-ում։ Համալսարանի ներկայացուցիչը CNN-ին հայտնել է, որ նա երեք տարի հեռավար ուսումնասիրել է ավիացիոն մենեջմենթ և 2023 թվականին ստացել է աստիճան։
Միջադեպից հետո նրա X և Instagram հաշիվները ջնջվել են։ CNN-ի տվյալներով՝ Instagram-ում հարձակման փորձից հետո հայտնվել է երկու տեսանյութ։
Դրանցից մեկում եղել են իսրայելական ինքնաթիռների կադրեր, որոնք նկարահանվել են այլ օդանավերի խցիկներից։ Տեսանյութն ավարտվել է «Ալ-Քաիդայի» նախկին առաջնորդ Այման ազ-Զավահիրիի և Հումամ Խալիլ Աբու-Մուլալ ալ-Բալավիի՝ հորդանանցի կրկնակի գործակալի լուսանկարներով, որը 2009 թվականին մահաբեր ահաբեկչություն էր իրականացրել Աֆղանստանում ԿՀՎ բազայում։
Երկրորդ տեսանյութում, ըստ հեռուստաալիքի, օգտագործվել է արհեստական բանականությամբ ստեղծված իսլամի համար սրբազան երեք քաղաքների՝ Մեքքայի, Մեդինայի և Երուսաղեմի պատկերը։ Ֆոնին հնչել է սադրիչ բովանդակությամբ բանաստեղծության ասմունք։





























