ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Ալաբամա նահանգում Մոբիլ գետի վրա կառուցվող նոր կամուրջն անվանակոչել իր պատվին։ Ինչպես հայտնում է New York Post-ը, այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 2-ին Մոբիլ քաղաքում անցկացված նախընտրական հանրահավաքի ժամանակ։
Թրամփն անդրադարձել է 3,2 միլիարդ դոլար արժողությամբ «Mobile River Bridge and Bayway» նախագծին, որի շինարարությունը նախատեսվում է սկսել հոկտեմբերին։ Ծրագրով նախատեսվում է Մոբիլ գետի վրայով երթևեկելի 6 նոր կամուրջ կառուցել, ինչպես նաև ընդլայնել Մոբիլ քաղաքի և ծոցի արևելյան ափի միջև տրանսպորտային կապը։
«Գուցե այս անիծյալ կամուրջն իմ անունո՞վ կոչեն. ես միայն ուրախ կլինեմ»,— ասել է Թրամփը, ինչին ներկաները արձագանքել են ոգևորված ծափերով ու բացականչություններով։
ԱՄՆ նախագահը նախագծի իրականացումը կապել է իր վարչակազմի տրամադրած ֆինանսավորման հետ։ Սեպտեմբերին ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր կամրջի և հարակից ենթակառուցվածքների շինարարության համար նահանգին մինչև 2,52 միլիարդ դոլարի դաշնային վարկ տրամադրելու մասին։ Ծրագրի առաջին փուլի ընդհանուր արժեքը կազմում է 3,2 միլիարդ դոլար։
Միևնույն ժամանակ, դաշնային ֆինանսավորման մի մասը հատկացվել էր դեռևս նախորդ վարչակազմի օրոք։ 2024 թվականի հուլիսին նախագիծը ստացել էր 550 միլիոն դոլարի դրամաշնորհ, որի վերջնական ձևակերպումը կատարվել է արդեն Թրամփի օրոք՝ 2025 թվականի մայիսին։





























