Թուրքիայի արևմուտքում գտնվող Մանիսա նահանգի հանքերից մեկում տեղի ունեցած փլուզման հետևանքով հինգ հանքափոր է զոհվել։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, փոխանցում է Anadolu-ն։
Փլատակների տակ ընդհանուր առմամբ հայտնվել էր 7 մարդ։ Երկուսին հաջողվել է ողջ դուրս բերել. նրանցից մեկը շարունակում է մնալ հիվանդանոցում, իսկ մյուսն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Սոմայի շրջանում։ Վթարի պատճառը դեռևս պարզված չէ։ Anadolu պետական գործակալության տվյալներով՝ պատահարից հետո ձերբակալվել է ինը մարդ, այդ թվում՝ հանքի գլխավոր տնօրենը։
Սոման նախկինում ևս դարձել էր Թուրքիայի պատմության մեջ հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր ողբերգության վայրը։ 2014 թվականի մայիսին հանքում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով աշխատակիցները մնացել էին գետնի տակ՝ թանձր ծխի և ածխածնի օքսիդից թունավորման պայմաններում։ Այն ժամանակ 301 մարդ էր զոհվել։
Այդ աղետը զանգվածային բողոքի ալիք էր բարձրացրել և քննադատության թիրախ դարձրել իշխանություններին ու հանքը շահագործողներին՝ անվտանգության կանոնների ենթադրյալ խախտումների պատճառով։




























