ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ խնդրելով թույլ տալ նախագահ Դոնալդ Թրամփին կրկին սահմանափակել CNN, MS NOW և Politico լրատվամիջոցների լրագրողների մուտքը Սպիտակ տուն։ CNN հեռուստաընկերության փոխանցմամբ՝ նախարարությունն իր փաստարկները ներկայացրել է ուրբաթ օրը դատարան ուղարկված փաստաթղթում՝ այս երեք մեդիաընկերությունների հայցով նախատեսված լսումներին ընդառաջ։

Ըստ արդարադատության նախարարության՝ Թրամփն իրավունք ուներ սահմանափակելու այս պարբերականների մուտքը, քանի որ նրանք հրապարակել էին նյութեր, որոնք, նախագահի համոզմամբ, կարող էին վտանգել ազգային անվտանգությունը։ Գերատեսչությունը նաև շեշտել է, որ սահմանափակումներ կիրառելու համար Սպիտակ տունը բոլորովին պարտավոր չէ ապացուցել, որ լրատվամիջոցներն իսկապես գաղտնի տեղեկատվություն են հրապարակել։

Բացի այդ, ըստ վարչակազմի, ապատեղեկատվության տարածումն ինքնին կարող է սպառնալ ազգային անվտանգությանը։ Արդարադատության նախարարությունը հղում է արել նաև Սպիտակ տուն մուտք գործող լրագրողների «պրոֆեսիոնալիզմին» ներկայացվող պահանջներին՝ նշելով, որ նախագահն իրավունք ունի ակնկալել, որ հրապարակումից առաջ փաստերը կստուգվեն, իսկ վարչակազմին հնարավորություն կտրվի մեկնաբանել դրանք։

CNN-ը, MS NOW-ն և Politico-ն այս արգելքը վիճարկում են դատական կարգով՝ պնդելով, որ վարչակազմը խախտել է ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությունը, որը երաշխավորում է խոսքի և մամուլի ազատությունը։ Ընկերությունները հայտարարում են նաև, որ ոտնահարվել է պատշաճ իրավական ընթացակարգի իրենց իրավունքը։

Դեռ սեպտեմբերին դաշնային դատավոր Թիմոթի Քելլին ժամանակավորապես վերականգնել էր այս երեք լրատվամիջոցների լրագրողների մուտքը Սպիտակ տուն։ Նա նշել էր, որ վերջիններս, ամենայն հավանականությամբ, կկարողանան ապացուցել իրենց ընթացակարգային իրավունքների խախտումը, քանի որ նրանց անցագրերը չեղարկվել էին առանց նախնական ծանուցման և որոշումը բողոքարկելու հնարավորության։ Քելլին նաև հավելել էր, որ վարչակազմի տրամադրած նյութերը չեն հիմնավորում ազգային անվտանգությանը սպառնալու վերաբերյալ պնդումները։

Այժմ դատարանը քննարկում է սահմանափակումները երկարաձգելու հարցը։ Նախնական դատական արգելք կիրառելու վերաբերյալ լրատվամիջոցների միջնորդության լսումները նախատեսված են հաջորդ շաբաթ։

Թրամփը CNN-ի, MS NOW-ի և Politico-ի մուտքը սահմանափակելու մասին հայտարարել էր դեռևս սեպտեմբերին՝ սկզբնական շրջանում որպես պատճառ նշելով իր գործունեության լուսաբանման հետ կապված դժգոհությունները։ Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարեց, որ Իրանի հետ պատերազմի, Սպիտակ տան արևելյան թևում պարասրահի կառուցման և Հանրապետական կուսակցության համագումարի վերաբերյալ այս երեք պարբերականների հրապարակումները կարող էին հարվածի տակ դնել ազգային անվտանգությունը։

Նույնիսկ դատարանի վճռից հետո Սպիտակ տունը շարունակել է խոչընդոտել այս լրատվամիջոցների որոշ լրագրողների աշխատանքը այն լրագրողական խմբում (փուլում), որն ապահովում է ԱՄՆ նախագահի ուղևորությունների և միջոցառումների լուսաբանումը։

Մասնավորապես, CNN-ի լրագրողներին թույլ չէին տվել լուսաբանել Թրամփի այցը Թենեսի, չնայած այն բանին, որ հաստատված հերթականությամբ հենց այդ հեռուստաընկերությունը պետք է աշխատեր լրագրողական խմբի կազմում: