«Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ․
«Կեսգիշերին՝ հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմք,կալանավորեց դաշինքի անդամ Արթուր Օհանյանին մեկ ամիս ժամկետով։
Դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդման հերթական դրսևորում:
Հետապնդման ժամանակը պատահական չէ։ Այն սկսվել է Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների սպասվող ընտրություններից առաջ։ Արթուր Օհանյանը վանաձորցի է, ով իր գործունեությամբ վաստակել է համաքաղաքացիների հարգանքն ու վստահությունը։ Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ընտրություններից առաջ չեզոքացնել Վանաձորում հեղինակություն ունեցող ընդդիմադիր գործչին և վախի մթնոլորտ ստեղծել նրա համակիրների շրջանում։
Վանաձորում սա նորություն չէ. քաղաքի բնակիչները լավ են հիշում, թե ինչպես 2021 թվականի ընտրություններից հետո իշխանությունը վարվեց վանաձորցիների քվեի հետ։ Իրավապահ համակարգը կրկին օգտագործվում է որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. չկարողանալով հաղթել քաղաքական պայքարում՝ իշխանությունը դիմում է քրեական գործերի։
«Հայաստան» դաշինքը՝
• պահանջում է անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումը,
• կոչ է անում իրավապաշտպան և միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին պատշաճ գնահատական տալ նախընտրական շրջանում ընդդիմության նկատմամբ ճնշումներին:
Ոչ մի քրեական գործ չի կոտրի վանաձորցիների կամքը։ Վանաձորի իշխանությունը պետք է որոշեն վանաձորցիները՝ ոչ թե քննչական մարմինները»։





























