ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ աթեիստական պետություն հանդիսացող Խորհրդային Միությունում ապրած շուրջ 70 տարիներն իրենց հետքն են թողել հայ հասարակության մեջ հավատքի և «հավատացյալ» բառի ժամանակակից ընկալման վրա։
«Մենք պետք է առերեսվենք մի քանի կարևոր իրողությունների։ Առաջինն այն է, որ մինչև անկախացումը մենք մոտ 70 տարի ապրել ենք Խորհրդային Միությունում, որն իր էությամբ աթեիստական պետություն էր»,- ասել է Փաշինյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետության «Աղոթքի երկրորդ նախաճաշի» շրջանակներում։
Վարչապետի խոսքով՝ Խորհրդային Հայաստանում «հավատացյալ» բառը բացասական երանգավորում ուներ, քանի որ Աստծուն հավատացող մարդիկ, փաստացի, մերժվում էին պետության կողմից։
«Պետությունը ոչ միայն չէր խրախուսում, այլև հակառակը՝ վնասակար էր համարում դա, իսկ «հավատացյալ» նշանակում էր մեկուսացված, մարգինալացված, հասարակության լուսանցքում կամ ինչ-որ հեռավոր անկյունում հայտնված մարդ»,- նշել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ անկախության վերականգնումից հետո այդ ընկալումը գուցե մեղմացել է, սակայն ամբողջությամբ չի փոխվել։
«Հավանաբար, անկախությունից հետո այդ մոտեցումը մեղմացել է, բայց չի վերացել։ «Հավատացյալ» բառի մեջ բացասական ենթատեքստ կա, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե կան հավատացյալներ, և կան պարզապես նորմալ քաղաքացիներ»,- նկատել է կառավարության ղեկավարը։
Նա հավելել է, որ իր համոզմամբ՝ Հայաստանի քաղաքացին պետք է հավատա Աստծուն, քանի որ Հայաստանը, իր պատկերացմամբ, հայ ժողովրդի «ավետյաց երկիրն» է։
Փաշինյանը քրիստոնեությունը, Հայ Առաքելական եկեղեցին և հայոց լեզուն փոխկապակցել է երկրի ազգային ինքնության հետ։ Ընդ որում, նա շեշտել է, որ թեև այսօր Հայաստանում ակտիվ հոգևոր կյանք կա, այն հիմնականում մնում է եկեղեցու պատերից ներս։
«Շատ կարևոր է, որ այդ հոգևոր կյանքը դուրս գա եկեղեցուց, մտնի փողոցներ, տներ, ներողություն եմ խնդրում՝ շուկա, տեղական ինքնակառավարման մարմիններ, կառավարություն, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության համակարգ»,- ասել է վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ դա էական նշանակություն ունի նաև կոռուպցիայի դեմ պայքարի և արդարության ապահովման համար։ «Մարդն ավելի քիչ խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի առաջ, եթե հավատում է Աստծուն»,- նշել է նա։
Վարչապետը հավատքը կապել է նաև արդարադատության գաղափարի հետ՝ համոզմունք հայտնելով, որ Աստծուն հավատացող դատավորն անհամեմատ ավելի նվիրված կլինի արդարությանն ու օրենքին։











