Մեծ Բրիտանիայի նախկին նախարար և խորհրդարանի պատգամավոր Էնն Ուիդքոմբի սպանության մեջ մեղադրվող տղամարդուն ահաբեկչություն նախապատրաստելու նոր մեղադրանք է առաջադրվել։ Թիրախների թվում եղել է նաև «Reform UK» կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժը։ Այս մասին հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով բրիտանական հակաահաբեկչական մարմիններին։

Ռոտերհեմի 28-ամյա բնակիչ Ջոշուա Քերիին ահաբեկչական ակտեր նախապատրաստելու մեղադրանք է ներկայացվել։ Ոստիկանության տվյալներով՝ խոսքը 2024 թվականի մայիսից մինչև 2026 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում ծավալած ենթադրյալ գործունեության մասին է։

Ավելի վաղ Քերիին մեղադրանք էր առաջադրվել 78-ամյա Ուիդքոմբի սպանության համար։ Վերջինս 23 տարի շարունակ Համայնքների պալատում ներկայացնում էր պահպանողականների Մեյդսթոն ընտրատարածքը, իսկ 1990-ականներին նախարարական պաշտոններ էր զբաղեցնում վարչապետ Ջոն Մեյջորի կառավարությունում։ Խորհրդարանից հեռանալուց հետո Ուիդքոմբը մասնակցել է «Strictly Come Dancing» հեռուստաշոուին, իսկ ավելի ուշ դարձել «Reform UK» կուսակցության ներկայացուցիչը։

Ուիդքոմբի դին՝ ծանր վնասվածքներով, հայտնաբերվել էր հուլիսի 9-ին՝ Դևոն կոմսության Հեյթոր բնակավայրում գտնվող նրա տանը։

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը հայտարարել է, որ նոր մեղադրանքը «չափազանց մտահոգիչ» է, և իր զորակցությունն է հայտնել Ֆարաժին ու նրա ընտանիքին։

«Թող ոչ ոք չսխալվի. քաղաքականության մեջ ներգրավված ցանկացած անձի վրա հարձակումը հարձակում է բոլորիս վրա»,- ընդգծել է Մահմուդը։ Նրա խոսքով՝ այս գործը լուրջ հարցեր է բարձրացնում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց անվտանգության վերաբերյալ։

Հակաահաբեկչական ոստիկանության հանձնակատարի տեղակալի օգնական Վիկի Էվանսը հետաքննությունն անվանել է «չափազանց ծավալուն և բարդ»։ Նա նշել է, որ գործում ներգրավված է եղել քննիչների, վերլուծաբանների և դատական փորձագետների հատուկ խումբ, որն աշխատել է մի քանի ուղղություններով։

Նոր մեղադրանքով Քերին դատարանի առաջ կկանգնի չորեքշաբթի օրը։ Մեծ Բրիտանիայի Թագավորական դատախազական ծառայությունը շեշտել է, որ հետաքննությունը շարունակվում է, իսկ մեղադրանքի առաջադրումը դեռևս մեղավորության հաստատում չէ։

Այս նոր մեղադրանքը կրկին ուշադրություն է հրավիրել Ֆարաժի անձնական անվտանգության խնդրի վրա։ «Reform UK»-ի խոսնակը հայտարարել է, որ հենց կուսակցության առաջնորդի հասցեին հնչող սպառնալիքներով էր պայմանավորված նրա ցմահ պահպանության համար պահանջվող 5 միլիոն ֆունտ ստերլինգի անհրաժեշտությունը։

Ներկայումս Ֆարաժի նկատմամբ խորհրդարանական չափորոշիչների հանձնաժողովի կողմից առանձին հետաքննություն է իրականացվում՝ մինչև 2024 թվականին խորհրդարան վերադառնալը միլիարդատիրոջից որպես նվեր ստացած 5 միլիոն ֆունտ ստերլինգի կապակցությամբ։ Ինքը՝ քաղաքական գործիչը, ավելի վաղ պնդել էր, որ այդ գումարը նախատեսված է եղել իր անձնական անվտանգությունն ապահովելու համար։