«Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է Հայաստանի շուկա եվրոպական դեղորայքի մուտքը պարզեցնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին նա նշել է Դեղամիջոցների և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի ղեկավարության հետ հանդիպմանն ընդառաջ։
Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում գրանցված դեղամիջոցների ցանկը զգալիորեն զիջում է եվրոպական երկրների ցուցանիշներին, ինչն էլ սահմանափակում է պացիենտների ընտրության հնարավորությունները։
«Այժմ գտնվում ենք Դեղամիջոցների և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնում, որտեղ րոպեներ անց հանդիպում կունենանք կենտրոնի տնօրենի հետ։ Քննարկելու ենք Հայաստանում եվրոպական դեղերի հասանելիության հարցը», — ասել է նա։
«Ի՞նչն է խնդիրը՝ Հայաստանում գրանցված է ընդամենը 3000 դեղ, իսկ եվրոպական երկրներում՝ մինչև 25000 և բարձրորակ եվրոպական դեղերը չեն վաճառվում հայկական դեղատներում, որովհետև կան սահմանափակումներ», — ընդգծել է քաղաքական գործիչը։
Նա հավելել է, որ հանդիպման ընթացքում մտադիր են քննարկել հնարավոր օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ կտան ընդլայնել եվրոպական պատրաստուկների մատչելիությունը։
«Մեր այսօրվա քննարկումների նպատակն է հանդես գալ օրենսդրական նախագծով, որը կնվազեցնի գները և կբարձրացնի առողջապահության որակը, քանի որ խոսքը որակյալ դեղորայքի մասին է», — նշել է Կարապետյանը՝ խոստանալով հանդիպման ավարտից հետո տեղեկացնել արդյունքների մասին։





























