Շաբաթ առավոտյան Լիտվայում չեղարկվել է օդային տագնապը, որը հայտարարվել էր երկրի օդային տարածքում չնույնականացված օբյեկտի հայտնվելու պատճառով: Օբյեկտը դուրս է եկել դիտարկման գոտուց և այլևս սպառնալիք չի ներկայացնում, սակայն դրա ծագումը դեռևս պարզված չէ: Այս մասին հայտնել է Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնի (NKVC) ղեկավար Վիլմանտաս Վիտկաուսկասը, փոխանցում է LRT-ն։
«Եթե այն ընկել է, եթե դա անօդաչու թռչող սարք էր, ապա պետք է գտնենք այն: Սակայն պարտադիր չէ, որ դա ԱԹՍ եղած լինի. որոշ ցուցանիշներ վկայում էին, որ արագությունը սովորականից փոքր-ինչ ցածր էր: Դրանք կարող էին լինել որոշակի անոմալիաներ կամ թռչունների չուի հետ կապված երևույթ»,- նշել է Վիտկաուսկասը:
Ավելի վաղ՝ շաբաթ օրը, չնույնականացված թռչող օբյեկտի պատճառով օդ էին բարձրացվել կործանիչներ, իսկ Վիլնյուսի օդանավակայանի վերահսկվող օդային տարածքը ժամանակավորապես փակվել էր: Վիլնյուսի շրջանի և Ուկմերգեի բնակիչներին նախազգուշացումներ էին ուղարկվել հնարավոր օդային վտանգի մասին:
Վիտկաուսկասի խոսքով՝ օբյեկտը լիարժեք նույնականացնել չի հաջողվել: Բնակիչներից ահազանգեր են ստացվել հնարավոր օբյեկտի մասին, որը Վիլնյուսն անցնելուց հետո շարժվել է դեպի Յոնավա, սակայն իշխանությունները չեն կարողացել հաստատել այդ հաղորդումները:
NKVC-ի ներկայացուցիչ Դարյուս Բուտան հայտնել է, որ օբյեկտը Լիտվայի օդային տարածք է մտել Բելառուսի կողմից:
Ռադարներից օբյեկտի անհետանալուց հետո իշխանությունները սկսել են որոնել դրա հնարավոր անկման վայրը: Փրկարարները նույնպես ահազանգեր են ստացել Կայշյադորիսի, Մոլետայի և Վիլնյուսի շրջանների բնակիչներից՝ ԱԹՍ-ի հնարավոր ձայնի կամ երկնքում նկատված օբյեկտի վերաբերյալ: Այդ հաղորդումները ներկայումս ստուգվում են:
Հրդեհային պահպանության և փրկարարական ծառայության դեպարտամենտի ղեկավար Ռենատաս Պոժելան բնակիչներին կոչ է արել չմոտենալ կասկածելի օբյեկտներին: Միևնույն ժամանակ նա նշել է, որ անվտանգ հեռավորությունից արված լուսանկարները կամ տեսանյութերը կարող են օգնել մասնագետներին:





























