ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և Ռուսաստանի միջև Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները ներառում են նաև ռուսական «Լուկոյլ» նավթային ընկերության արտասահմանյան ակտիվների վաճառքի բազմամիլիարդանոց գործարքի քննարկումը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ ութ աղբյուրների։
Խոսքը տարբեր երկրներում «Լուկոյլին» պատկանող նավթահանքերի, նավթավերամշակման գործարանների և բենզալցակայանների ցանցի մասին է։ Գործարքը դեռ վերջնականապես կնքված չէ և պահանջում է ԱՄՆ կառավարության ու Կրեմլի հավանությունը։
NYT-ի փոխանցմամբ՝ ակտիվների հիմնական հավակնորդներից մեկն ամերիկացի ներդրող Թոդ Բյոլիի գլխավորած խումբն է։ Դրա կազմում ընդգրկված են նաև մերձավորարևելյան երկու կառույցներ, որոնք բիզնես կապեր ունեն Ջարեդ Կուշների կամ Ստիվ Ուիթքոֆի ընտանիքի հետ, ինչպես նաև ԱՄՆ կառավարությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի միջոցով։
Պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է բարձրացրել գործարքի հարցը սեպտեմբերի 5-ին Կրեմլում Ուիթքոֆի և Կուշների հետ հանդիպման ժամանակ։ Աղբյուրներից մեկի պնդմամբ՝ Պուտինն առաջարկել է իրագործել գործարքը՝ որպես ռուսաստանցիներին ցույց տալու միջոց, որ Մոսկվան ու Վաշինգտոնը կարող են վերստին բիզնես սկսել միմյանց հետ։
Ամերիկյան կողմը, NYT-ի փոխանցմամբ, համաձայնել է աշխատել այդ առաջարկի շուրջ՝ այն դիտարկելով թե՛ Կրեմլի հետ վստահությունը ամրապնդելու գործիք, թե՛ համաշխարհային շուկայում էներգառեսուրսների հասանելիությունը մեծացնելու միջոց։
Թերթն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Թրամփի շրջապատի մարդկանց հետ գործարքի հավանական մասնակիցների բիզնես կապերին։ Խոշոր ներդրողներից մեկը կարող է դառնալ կատարական կոնգլոմերատը, որը վերահսկում են եղբայրներ Մուտազ և Ռամեզ ալ-Խայատները։ Եղբայրներն ավելի վաղ գործընկերություն էին հաստատել Կուշների և նրա կնոջ՝ Իվանկա Թրամփի հետ՝ Ալբանիայում բազմամիլիարդանոց հանգստյան համալիրի կառուցման նախագծի շրջանակում։
Մեկ այլ խոշոր մասնակից կարող է դառնալ Աբու Դաբիի ներդրումային հիմնադրամը, որը վերահսկում է շեյխ Թահնուն բին Զայեդ Ալ Նահայանը։ Դրա հետ կապված հիմնադրամն ավելի վաղ նշանակալի մասնաբաժին էր ձեռք բերել World Liberty Financial կրիպտոարժույթային ընկերությունում, որի հիմնադրմանը մասնակցել էր նաև Ուիթքոֆը։
Ընդ որում, չկան տվյալներ այն մասին, որ անձամբ Կուշները կամ Ուիթքոֆը շահույթ են ստանալու այս գործարքից։ Ուիթքոֆի ներկայացուցիչը հայտարարել է, որ նա ֆինանսական մասնաբաժին չունի նախագծում և շահերի բախում առկա չէ։ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչն իր հերթին հայտնել է, որ Ուիթքոֆն ու Կուշներն անմիջականորեն մասնակցել են գործարքի ֆինանսական պայմանների համաձայնեցմանը՝ ձգտելով զգալի կանխավճար և շահույթի մասնաբաժին ապահովել ԱՄՆ կառավարության համար։
«Լուկոյլի» արտասահմանյան ակտիվները վաճառքի էին հանվել ընկերության դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից հետո։ Ավելի վաղ դրանք ձեռք բերելու հավակնություն ուներ ամերիկյան Carlyle ներդրումային ընկերությունը, սակայն գործարքի համաձայնեցումը ձգձգվեց։
«Լուկոյլի» միջազգային ակտիվների արժեքն ավելի վաղ ընկերությունը գնահատում էր մոտ 20 միլիարդ դոլար։ Նոր գործարքի վերջնական գինն ու կառուցվածքը դեռ հայտնի չեն։ Դրա իրականացման համար անհրաժեշտ կլինի նաև ԱՄՆ ֆինանսների նախարարության որոշումը, որը պատասխանատու է պատժամիջոցների կիրառման համար։




























