Հյուսիսային Կորեան հայտարարել է արհեստական բանականությամբ օժտված միջին հեռահարության նոր հրթիռի փորձարկման մասին, որն ընդունակ է ցածր բարձրության վրա փոխել թռիչքի ուղղությունը։ Բալիստիկ հրթիռի արձակումից հետո այս մասին հայտնել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Ջոնգը, հայտնում է Reuters-ը։
Հարավային Կորեայի զինվորականների փոխանցմամբ՝ հրթիռն արձակվել է շաբաթ առավոտյան ԿԺԴՀ արևելյան ափին գտնվող Վոնսան շրջանից և դեպի ծով է թռել ավելի քան 700 կիլոմետր։ Հարավկորեացի և ամերիկացի մասնագետներն այժմ ուսումնասիրում են արձակման տվյալները։
Կիմ Յո Ջոնգի խոսքով՝ Կիմ Չեն Ընն անձամբ է հետևել «ռազմավարական զենքի» կիրառմամբ զորավարժությանը։ Նա նշել է, որ արձակումն իրականացրել է հատուկ առաջադրանքներ կատարող կրակային ստորաբաժանումը։
Նա նաև պնդել է, որ հրթիռը շարժվել է ալիքաձև հետագծով և արհեստական բանականության շնորհիվ կարողացել է ցածր բարձրության վրա փոխել թռիչքի ուղղությունը։ Ըստ Կիմ Յո Ջոնգի՝ դա իբր թույլ է տվել հրթիռին աննկատ մնալ Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետևման համակարգերից։ Այնուամենայնիվ, Փհենյանը որևէ ապացույց չի ներկայացրել այս պնդումների վերաբերյալ։
Կիմ Յո Ջոնգը հայտարարել է, թե փորձարկման արդյունքները ցույց տվեցին հյուսիսկորեական հրթիռները ֆիքսելու հարցում Հարավային Կորեայի և Ճապոնիայի սահմանափակ հնարավորությունները։ Նա նաև կոչ է արել հաշվի առնել նոր հրթիռի արագությունը, թեև հստակ թվեր չի նշել։
Այս արձակումը ԿԺԴՀ-ի՝ այս տարվա տասնյակից ավելի հրթիռային փորձարկումներից մեկն էր։ Փհենյանը բազմիցս է հայտարարել սպառազինության նոր համակարգեր մշակելու մասին, հատկապես՝ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններից հետո։
Փորձարկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կիմ Յո Ջոնգը մերժել էր ապառազմականացված գոտում ականների պայթյունի վերաբերյալ ներողություն խնդրելու Սեուլի պահանջը (ինչի հետևանքով հարավկորեացի զինվորականներ էին վիրավորվել)։ Հարավային Կորեան ականապատման պատասխանատվությունը բարդում է ԿԺԴՀ-ի վրա, իսկ Փհենյանը հերքում է դա։





























