Բուրյաթիայում սեզոնի սկզբից գնդակահարել են 331 արջի, որոնք վտանգ էին ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար։ Բնակավայրերը գիշատիչներից պաշտպանելու համար ներգրավվել է 81 մասնագետ, հայտնել է «Կոմերսանտ»-ը՝ հղում կատարելով «Բուրպրիրոդնադզորի» մամուլի ծառայությանը։
Ամեն օր գերատեսչությունը ստանում է 15-20 հաղորդում բնակավայրերին մոտեցած արջերի մասին։ Պետական տեսուչները և որսորդները մեկնում և զննում են տարածքը։ Եթե մասնագետները համարում են, որ կենդանին վտանգ է ներկայացնում մարդկանց համար, որոշում է կայացվում նրան գնդակահարելու մասին։ Հատուկ ուշադրություն է դարձվում այն շրջաններին, որտեղ արջերը բազմիցս են հայտնվում։
Հոկտեմբերի 2-ից մասնագետները զննել են ութ մունիցիպալիտետների շրջակայքը։ Արջեր են գնդակահարել Զակամենսկի շրջանի Խալզան տեղանքում, Սելենգինսկի շրջանի Տոխոյ և Բիչուրսկի շրջանի Արա Կիրետ գյուղերի մոտ, ինչպես նաև Պրիբայկալսկի շրջանի Գորյաչինսկ և Գրեմյաչինսկ ավանների շրջանում։ Գնդակահարության ևս մի քանի որոշումներ գործում են Կաբանսկի շրջանում․ այնտեղ ընդունվել է 11 նման որոշում։
Ռուսաստանի բնության նախարարության տվյալներով՝ 2026 թվականին երկրում արջերի թվաքանակը հասել է 307,9 հազար առանձնյակի։ Ամենախոշոր պոպուլյացիաները գրանցված են Կրասնոյարսկի և Խաբարովսկի երկրամասերում՝ մոտավորապես 26 հազար կենդանի յուրաքանչյուրում, Կամչատկայում՝ 24,2 հազար, Իրկուտսկի մարզում՝ 22,4 հազար։
Օգոստոսից մարդկանց վրա արջերի հարձակումներ են արձանագրվում Բուրյաթիայում, Ալթայում, ինչպես նաև Կրասնոյարսկի և Խաբարովսկի երկրամասերում, Կամչատկայում, Իրկուտսկի, Կեմերովոյի և Նովգորոդի մարզերում։
ՌԴ բնության նախարարությունում նման դեպքերի թվի աճը կապում են արջերի թվաքանակի ավելացման և անտառներում արմատապտուղների անբավարարության հետ։


























