Պորտուգալիայի դատախազությունը սկսել է հետաքննել Ազորյան կղզիների Լաժեշ բազան ամերիկացի զինվորականների կողմից Իրանի հետ հակամարտության ընթացքում օգտագործելու օրինականությունը։ Ստուգումը սկսվել է ընդդիմադիր Ձախ բլոկի բողոքից հետո, հաղորդել է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի գլխավոր դատախազությանը։
Խոսքը վերաբերում է 1951 թվականին Պորտուգալիայի և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագրին, որը Վաշինգտոնին հնարավորություն է տալիս մուտք գործել Լաժեշ բազա։ Reuters-ի տվյալներով՝ խաղաղ ժամանակ ամերիկացի զինվորականները կարող են օգտագործել օբյեկտն առանց Լիսաբոնի նախնական թույլտվության, սակայն ռազմական գործողությունների սկսվելուց հետո պահանջվում է համաձայնեցում պորտուգալական իշխանությունների հետ։
Պորտուգալիան, ի տարբերություն հարևան Իսպանիայի, Իրանի հետ հակամարտության ընթացքում թույլատրել է ամերիկյան ռազմական ինքնաթիռների մի քանի թռիչքներ բազայի միջոցով։ Այս որոշումը քննադատության է արժանացել ձախ ընդդիմադիր կուսակցությունների կողմից։
Ձախ բլոկը ապրիլին բողոք է ներկայացրել դատախազներին՝ հայտարարելով, որ Լաժեշի օգտագործումն ամերիկյան գործողությունների համար կարող է «միջազգային իրավունքի կոպիտ խախտում» լինել։ Հենց այս բողոքից հետո էլ սկսվել է ներկայիս հետաքննությունը։
Պորտուգալիայի կառավարությունը մերժում է միջազգային իրավունքի խախտման վերաբերյալ պնդումները։ Արտաքին գործերի նախարար Պաուլու Ռանժելը հայտարարել էր, որ Պորտուգալիան չի մասնակցում Իրանի հետ հակամարտությանը, իսկ բազայի օգտագործումը համապատասխանում է միջազգային իրավունքին։ Նրա խոսքով՝ թույլտվությունը տրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ից ստացվել են հավաստիացումներ, որ գործողությունները կունենան պաշտպանական բնույթ, կլինեն անհրաժեշտ և համաչափ և կսահմանափակվեն ռազմական նպատակներով։
Բազայի օգտագործման հարցը նախկինում ևս դարձել էր քաղաքական վեճերի առարկա։ Մայիսին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրապարակավ շնորհակալություն էր հայտնել Պորտուգալիային աջակցության համար՝ հայտարարելով, որ Լիսաբոնը համաձայնել էր բազայի օգտագործմանը դեռ մինչև այն պահը, երբ Վաշինգտոնը ստիպված եղավ բացատրել գործողության բնույթը։ Պորտուգալիայի ԱԳՆ-ն այն ժամանակ վիճարկել էր այս մեկնաբանությունը և հայտարարել, որ չի թույլատրել բազայի օգտագործումը մինչև Իրանի դեմ ամերիկյան հարվածների սկսվելը։
Լաժեշ բազան գտնվում է Տերսեյրա կղզում՝ Ազորյան արշիպելագի կենտրոնական հատվածում։ Ատլանտիկայում իր դիրքի շնորհիվ այն տասնամյակներ շարունակ օգտագործվում է որպես կարևոր տարանցիկ և լոգիստիկ օբյեկտ ամերիկյան, ՆԱՏՕ և այլ դաշնակից ուժերի համար։



























