«Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցությունն առաջին անգամ INSA-ի համազգային հարցման մեջ հավաքել է 30 տոկոս, մինչդեռ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի ցուցանիշը նվազել է մինչև 18 տոկոս՝ հասնելով այս ինստիտուտի չափումների ողջ պատմության ընթացքում ամենացածր ցուցանիշին։ Երկու քաղաքական ուժերի միջև տարբերությունը հասել է 12 տոկոսային կետի։
INSA-ի՝ Bild am Sonntag-ի պատվերով անցկացված նոր հարցման համաձայն՝ մեկ շաբաթվա ընթացքում «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի աջակցությունն աճել է մեկ տոկոսային կետով, ՔԴՄ/ՔՍՄ-ն կորցրել է մեկ կետ։ Այսպիսով, ԱԳհ-ն առաջին անգամ հասել է 30 տոկոսի նշագծին, ՔԴՄ և ՔՍՄ միասնական արդյունքը դարձել է INSA-ի տվյալներում նվազագույնը։
Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Գերմանիայի 1 202 ընտրողների շրջանում։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «կանաչների» կուսակցությունը ստացել են 14-ական տոկոս, «Ձախերը»՝ 10 տոկոս։ Ազատ դեմոկրատական կուսակցությունը և «Սառա Վագենկնեհթի միությունը» հավաքել են 4-ական տոկոս։
INSA-ի արդյունքները տարբերվում են մի քանի օր առաջ հրապարակված մեկ այլ խոշոր հետազոտությունից։ infratest dimap ինստիտուտի կողմից անցկացված ARD-DeutschlandTREND հարցման մեջ ԱԳհ-ն ստացել է 27 տոկոս, ՔԴՄ/ՔՍՄ-ն՝ 20 տոկոս, ԳՍԴԿ-ն՝ 13 տոկոս, «կանաչները»՝ 16 տոկոս։
2025 թվականի փետրվարին Բունդեսթագի ընտրություններում ՔԴՄ/ՔՍՄ-ն ստացել էր ձայների 28,5, ԱԳհ-ն՝ 20,8 տոկոս։ Առանձին հարցումների ներկա տվյալներն արտացոլում են ընտրողների տրամադրությունները հետազոտությունների անցկացման պահին և ապագա ընտրությունների արդյունքների կանխատեսում չեն հանդիսանում։





























